Կուսակցությունները թող բարի լինեն՝ վստահելի մարդիկ ունենան, ովքեր ո՛չ կկաշառվեն, ո՛չ կծախվեն

ԲՀԿ-ում ID քարտերի և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն այս պահի դրությամբ ընդհանուր որոշում դեռ չունի, քննարկումներն ընթանում են:

Վ.Բաբայանի կարծիքով՝ մարդկանց, ովքեր ունեն ID քարտեր, հնարավոր չէ արգելել քվեարկություն կատարել, բայց նաև միաժամանակ պետք է խուսափել ընտրակեղծիքների հավանական խնդիրներից. «Կապել ընտրակեղծիքները միմիայն ID քարտերի հետ, ես կարծում եմ, արդարացի չէ, որովհետև եթե մարդիկ կեղծելու են, սովորական անձնագրերով էլ կկեղծեն, ցուցակով էլ կկեղծեն և, ի վերջո, կկաշառեն մարդկանց: Դրա համար կուսակցությունները, թող բարի լինեն, վստահելի մարդիկ ունենան, ովքեր ո՛չ կկաշառվեն, ո՛չ կծախվեն և կաշխատեն մինչև վերջ որպես վստահված մարդիկ, և արդյունքները մենք կտեսնենք: Իսկ եթե մարդիկ ի սկզբանե պետք է սպասեն, թե իրենց ով է 20.000 դրամ կամ 5000 դրամ փող առաջարկելու, որ իրենք, կոպիտ ասած, ծախվեն, ուրեմն ID քարտ կլինի, անձնագիր կլինի, թե գրադարանի վկայական կլինի, մեկ է՝ դա արվելու է»:

Նա օրինակ բերեց Բելառուսը, որտեղ մի քանի տարի առաջ որպես դիտորդ մասնակցել է ընտրությունների, և դրանք տևել են մի քանի օր, մարդիկ քվեարկել են անգամ գրադարանի քարտերով, մատյանն էլ տետրի նման էին գրում. «Եվ դա էլ էր դեմոկրատիայի ձև: Ավելի արդիականը վերահսկողությունն է կուսակցությունների կողմից, որ եթե չեն կարողանում վերահսկել արդար ընտրությունների պրոցեսը, ես չեմ կարծում, որ այդ 500 հազար հոգին կանեն ընտրակեղծիքներ: Դա ռադիկալ դիքորոշում է»:

Տեսանյութեր

Լրահոս