«Տիգրան Սարգսյանի նշանակումը առավելապես քաղաքական որոշում է»

ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակելը առավելապես քաղաքական որոշում է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

«Ինչ-որ իմիջային փոփոխության, քաղաքական նպատակ հետապնդող խնդիր են դրել՝ հավանաբար նաև որոշակի ֆինանսական ու տնտեսական սպասումների բաղադրիչով: Նա մի քիչ ավելի արևմտամետ բնութագիր ունի, այսինքն՝ նման նշանակումը հավանաբար կոչված է մեղմել հարաբերությունները Արևմուտքի հետ և տնտեսական դաշտում ինչ-որ փոփոխություններ ապահովել: Քաղաքական դաշտում Տ.Սարգսյանը շատ հնարավորություններ չունի և, լինելով փոքր երկրի ներկայացուցիչ, առկա ռազմաքաղաքական իրավիճակում մեծ դեր չի կարող ունենալ: Ժամանակը ցույց կտա, որովհետև այսօր դեռ հայտնի չէ, թե այդ պաշտոնն ամբողջությամբ իրենից ինչ է ներկայացնում»,- ասաց Բ.Ասատրյանը:

Նա չհամաձայնեց տեսակետին, որ այս նոր պաշտոնում Տ.Սարգսյանի հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի միասնական արժույթի՝ ալտինի, ներդրումը: Բ.Ասատրյանի կարծիքով՝ դա ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի խնդիրների շարքում առաջնային հարցերից չէ և այս փուլում ամենասուր խնդիրը չէ. «Կան բազմաթիվ լուրջ համակարգային խնդիրներ, որոնցից հիմնականն, իհարկե, տնտեսական վատ և վատթարացող վիճակն է, որ շատ բարդ խնդիր է և պարզ չէ՝ Տիգրան Սարգսյանը կամ որևէ այլ անհատ կկարողանա՞ որևէ բան անել թե՞ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս