Զառա Արամյանը չի հրաժարվի Երևանի քաղաքապետարանի կողմից իրեն հատկացվելիք բնակարանից

Դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանն անականկալի է եկել Երևանի քաղաքապետարանի կողմից իրեն բնակարան հատկացնելու հանգամանքից: Նման որոշման նախագիծ, հիշեցնենք, ընդգրկված է Երևանի ավագանու հոկտեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Զ.Արամյանը հայտարարեց, որ չի հրաժարվի իրեն հատկացվելիք բնակարանից:

«Ի՞սկ դուք կհրաժարվեիք, եթե ունենայիք այդ խնդիրը»-, հարցին հարցով պատասխանեց Զ.Արամյանը՝ հավելելով, որ առայժմ կսպասի որոշման ընդունմանը, որից հետո միայն կմեկնաբանի: Նա միայն նշեց, որ բավականին երկար տարիներ առաջ էր դիմել այդ հարցով, որովհետև շատ լուրջ խնդիր ունի բնակարանի հետ կապված:

Ուշագրավ է, որ օրերս Զ.Արամյանը ֆեյսբուքյան իր էջում Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեն սահմանամերձ համայնքներին ուղղելու պահանջի հետ կապված որոշ գնահատականներով անվայել գրառում էր, արել և հետո հեռացրել այն: Մասնավորապես, Արամյանը, դիմելով Երևանի քաղաքապետարանին, գրել էր. «Խնդրում եմ ձեզ, սահմանային գյուղերի հարցով մտահոգված բոլոր սահմանային գյուղերի բնակիչներին, ով գրանցված էր այդ գյուղերում, բայց այժմ բնակվում է Երևանում, Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի հաշվին վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը, տեղում իրենց մտահոգությունը ապացուցելու համար: Սահմանային գյուղերում չգրանցված, բայց սահմանային գյուղերի ճակատագրով, Էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ միշտ մտահոգվողներին, նույնպես տոնակատարության բյուջեի հաշվին վերաբնակեցնել սահմանային գյուղերում, իրենց ապահովելով համապատասխան կացարանով և շարժական գույքով»:

Տեսանյութեր

Լրահոս