Հրանտ Բագրատյանի առաջարկությունները չեն ընդունվել
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանը: Նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կոչ արեց նիստերը հեռարձակել ուղիղ եթերով: Նա հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների ապազգային նախագիծը էլ ավելի է մեծացնելու արտագաղթը երկրից, և այն նպատակ ունի հավերժացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը:
«Մենք պետք է մոբիլիզացնենք և համախմբենք բոլոր ուժերը զանգվածային անհնազանդություն իշխանության բոլոր ճյուղերի դեմ»,- ասաց Զ.Փոստանջյանը՝ հավելելով, որ հակառակ դեմքում երկրում տիրող աղքատությունն էլ ավելի կխորանա, արտագաղթը կհասնի ահռելի չափերի:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունն այսօր չանցկացնել, որպեզի հասցնեն ծանոթանալ լրամշակումներին, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժեց՝ նշելով, որ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս անցկացնել քվեարկություն, իսկ պատգամավորները կհասցնեն ծանոթանալ տեքստին:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իր առաջարկությունները չեն ընդգրկվել սահմանադրական փոփոխությունների նախագծի լրամշակված տարբերակում. «Ի վերջո, չենք ալարել, հայեցակարգից սկսած 122 առաջարկություններ ենք արել, բայց ամփոփագրում անգամ իմ անունը չեմ գտնում»: Ըստ Բագրատյանի՝ չի կարելի այս ձևով «ձեռք առնել», քանի որ մարդկանց հետ հանդիպում են, քննարկում, բայց ոչ մի առաջարկ չեն ընդունում:
Զ.Փոստանջյանը հիշեցրեց վերջին բոլշևիկի մասին արված թևավոր խոսքը՝ ասելով, թե այսօր բոլշիկի նախաձեռնությամբ ԱԺ-ում հավաքվել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և պատամագավորներին և, անունը դնելով սահմանադրական հանրաքվե, ցանկանում է նորից ժողովրդից գողանալ իշխանությունը: Փոստանջյանը նշեց, որ այդ բոլշևիկը մի քանի անգամ կեղծել է ընտրությունները և համամիտ էր, որ 2008-ին բռնի ուժ կիրառեին ժողովրդի հանդեպ:
«Անջատեք խոսափողը, շուկա չի, ԱԺ է»,- վրդովվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ կարգադրելով անջատել խոսափողը:
Շարմազանովը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն չի կարողացել գալ ՀՀ և ընթերցեց նրա ողջույնի խոսքը: Դրանում Ջանի Բուքիքիոն նշում է, որ ցանկացած համակարգ կարող է պետությունը ժողովրդավարության չափանիշներին համապատասխանեցնել՝ պայմանով, որ ԱԺ-ին վերահսկողական լայն ֆունկցիա տրվի: Ջանի Բուքիքիոյի խոսքով՝ այս անգամ առաջարկվում է ռացիոնալացված խորհրդարանական համակարգ և պետք է ժողովուրդը որոշի, առաջարկվում է անցում կատարել ամբոջովին խորհրդարանական համակարգին:
ԱԺ-ում շարունակվում է Սահմանադրության փոփոխության հարցի քննարկումը, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը ներկայացնում է, թե ինչ լրամշակումներ ու փոփոխություններ են արվել նախագծում: