ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել դիտորդներ ուղարկել Ադրբեջան. Անն Բրասեր
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան:
Նա հայտարարել է, որ դեմոկրատիան պահանջում է հարգալից վերաբերմունք մարդու իրավունքների նկատմամբ: «Հուսով եմ՝ մեր դիտորդական առաքելությունը մեզ հնարավորություն կտա Ադրբեջանին հասցնել մեր մեսիջը»,- հայտարարել է Բրասերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինկը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունների սահմանափակումների պատճառով իրենք ստիպված են չեղյալ հայտարարել նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացումն Ադրբեջանում:
«Ընտրություններին մասնակցող դիտորդների թվի սահմանափակումներն անհնար կդարձներ առաքելության համար ընտրություններում արդյունավետ դիտորդական առաքելության անցկացումը»,- ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը: