Վարչապետ Աբրահամյանը կարևորել է Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու չինական կողմի նախաձեռնությունը

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել  Սիանի եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար: «Ուրախությամբ  ընդունեցի այս հրավերը՝ ելնելով Մետաքսի մեծ ճանապարհի վերաստեղծման նախագծերին մասնակցելու Հայաստանի լուրջ հետաքրքրությունից»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և հայ-չինական հարաբերություններն ունեն պատմական խորը արմատներ՝ հասնելով ընդհուպ մինչև Մետաքսի մեծ Ճանապարհի գոյության ժամանակները:

«Ցանկանում եմ գոհունակությամբ  նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, ինչի մասին են վկայում  մարտին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան և նրա բանակցությունները Նախագահ Սի Ծինփինի հետ, ինչպես նաև երկու օր առաջ իմ և Չինաստանի վարչապետ Լի Քեցյանի  հանդիպումը: Անկասկած, այս մակարդակի հանդիպում­ները նոր թափ են հաղորդում մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբե­րությունների խորացմանը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպման արդյունք­ների հիման վրա կառավարությունն ակտիվ աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:

Պարոն Աբրահամյանը կարևորել է Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու չինական կողմի նախաձեռնությունը, ինչը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանի տնտեսական զարգացման համար:

_Handipum3 _Handipum4 _Handipum5

Չինաստանի  պետական խորհրդի  անդամ, փոխվարչապետ Վան Յունը բարձր  է   գնահատել վարչապետ Աբրահամյանի մասնակցությունը համաժողովին և նշել, որ Չինաստանը կարևոր է համարում և շահագրգիռ է Հայաստանի հետ  զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վան Յունը նշել է, որ չինական կողմը պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ վերջին տարիների բարձր մակարդակի քաղաքական շփումները նպաստում են երկու երկրների հարաբերությունների խորացմանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում: Չինաստանի փոխվարչապետը գոհունակությամբ փաստել է, որ զգալի ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը և նույնպես համոզմունք է հայտնել, որ Մետաքսի  մեծ ճանապարհի տնտեսական գոտու զարգացումն  էապես կնպաստի եվրասիական տարածաշրջանի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում  կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրքություն ներկայացնող այլ հարցերի ևս, կարևորել են   համագործակցությունը միջազգային կառույցներում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան վերադարձել է Երևան:

 

Տեսանյութեր

Լրահոս