Մասնագետները զարմացած են Պերմյակովի պահվածքից»» «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյան ընտանիքի գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես՝ օրերս Երևանից, ինչպես նաև Գյումրիից մի խումբ մասնագետներ գնացել են ռուսական 102-րդ ռազմաբազայում գտնվող հոսպիտալ և թեստեր իրականացրել Ավետիսյան ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ։
Արդյունքում, մասնագետները զարմացել են Պերմյակովի հիշողության և պահվածքի վրա։
Ըստ մեզ հասած լավատեղյակ աղբյուրների՝ վերջինիս պահվածքը չափից շատ հանգիստ է եղել։ Երբ փորձագետները փորձել են նրանից հետաքրքրվել, թե ինչու է նա սպանել երեխաներին, վերջինս լռելուց հետո ասել է, թե չգիտի. «Բայց ափսոս էին»։
Չի բացառվում, որ 102-րդ ռազմաբազայում այս թեստի անցկացումը կապ ունի տուժողների իրավահաջորդների փաստաբանների կողմից նախաքննության մարմին ներկայացրած միջնորդության հետ։ Ինչպես հայտնի է՝ վերջիններս միջնորդել էին համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական և դատագենետիկակաև փորձաքննություն նշանակել։ Ուստի չի բացառվում, որ ռազմաբազա այցելած մասնագետների գործողությունները կապ ունեն նշանակված փորձաքննությունների հետ։ Հավելենք, որ ինչպես հայտնի է՝ ՌԴ իրավապահները ՀՀ քննչական կոմիտեին էին հանձնել սպանության նախաքննության՝ 9 հատորից կազմված փաստաթղթերը։ ՀՀ քննչական կոմիտեն այդ փաստաթղթերն ուղարկել էր թարգմանության։ Գործի թարգմանությունն ավարտվել էր, և հայերեն թարգմանված գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար։
Իսկ, ահա, փաստաբաններն առայժմ ձեռնպահ են մնում խոսել այն մասին, թե քրեական գործի հետ ծանոթանալուց հետո ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Նրանք խոստանում են այդ մասին հայտնել առաջիկայում հրավիրվելիք համատեղ ասուլիսում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: