«Նա, ով ասում է՝ սեպտեմբերի 21-ն Անկախության օրն է, ապուշ է». Պարույր Հայրիկյան

«Սեպտեմբերի 21-ը թյուրիմացաբար կոչվում է Հայաստանի անկախության օր, բայց սա ինքնորոշման օր է, ոչ թե անկախության: Եթե Անկախության օրվա մասին ենք խոսում, ապա այդ օրը մայիսի 28-ն է: 1990թ. Անկախության հռչակագրի ընդունումը նախորդել է այս խնդրին, ինչը նշանակում է, որ անկախության վերականգնման օր կարող էինք համարել օգոստոսի 23-ը: 1991թ. սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն ընդամենը «այո» է ասել: Հետևաբար, սա մեր ժողովրդի ինքնորոշման օրն է: Այս սխալը որքան շուտ ուղղենք, այնքան ավելի շահեկան վիճակում կհայտնվենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա՝ միայն տգետները կարող են սեպտեմբերի 21-ը կոչել Անկախության օր. «Ինձ միշտ թվացել է, թե տգետ ձևանալը դժվար բան է. կարող ես տգետ ձևանալ մեկ օր, երկու օր, բայց պարզվում է՝ մարդիկ կան, որ պատրաստ են տասնամյակներով իրենց ապուշի տեղ դնել, որովհետև հանրությանն ապուշացնելն իրենց հիմնական խնդիրն է: Նա, ով ասում է, որ Անկախության հանրաքվեի օրն Անկախության օրն է, պարզապես ապուշ է»:

Նա նկատեց՝ մեր հարևան Ադրբեջանը նշում է իր անկախության 97-ամյակը, իսկ մենք հիմա նշելու ենք մեր անկախության 24-ամյակը. «Եթե ճշմարտությունն ասենք ու Անկախության օրը նշենք մայիսի 28-ին, ապա մենք էլ կնշենք անկախության վերականգնման 97-ամյակը: Եթե Ադրբեջանն ընդամենը նշելու է իր անկախության ստեղծման 97-ամյակը, մենք նշելու ենք՝ անկախության վերականգնման: Այսինքն՝ անունները ոչ միայն երևույթի ճիշտ գնահատումներն են, այլ նաև ուղեցույց ավելի խորը եզրակացությունների համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս