«Պարոնայք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կատարվեն»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ԱԺ-ում.
«Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այն փոխելու է իրեն սպառած և վարկաբեկած գործող պետական կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը:
Մենք այս համոզումը ունեցել ենք Հայաստանի անկախացումից ի վեր: Մենք վստահ ենք եղել, որ 91-95թթ. հաստատված սահմանադրաօրենսդրական կարգը հակաժողովրդավարական էր և ունենալու էր այս ծանր հետևանքները: Նախագահի պաշտոնը ներդրված էր արդեն 1991 թվականից, երբ Հայաստանը դեռևս Սահմանադրություն չուներ: Իսկ ինչպես փաստում է մարդկության փորձը, Սահմանադրության և դրա վրա հիմնված օրենսդրության բացակայության պայմաններում ցանկացած երկրում պետական կառավարման նախագահական ձևը անխուսափելիորեն տանում է բռնապետության, ինչում հայ ժողովուրդը ևս համոզվեց իր սեփական փորձով:
1995թ. ընդունված Սահմանադրությունը սոսկ իրավաբանական ուժ և շունչ հաղորդեց արդեն հաստատված հակաժողովրդական ռեժիմին: Դաշնակցությունը այդ օրերին չկարողացավ այդ բոլոր վտանգների մասին մեր ժողովրդին լիարժեք տեղեկացնել և կանխել այդպիսի Սահմանադրության ընդունումը, որովհետև կուսակցության գործունեությունը հանրաքվեից առաջ արգելվեց, իսկ նրա մի մասը՝ բանտարկվեց նույն այդ ռեժիմի կողմից: ¦Ոչ-ի§ համարժեք ճակատ ձևավորելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, Էլ ուր մնաց խոսենք այդ Սահմանադրության լեգիտիմության մասին:
Հիմա Դաշնակցությունը, ըստ էության, անում է այն, ինչ չհաջողվեց անել 91-95թթ.: Մեր այսօրվա ¦այո-ն§ ըստ էության մեր հետևողական ¦ոչ-ն§ է 95 թվականի այդ հակաժողովրդական Սահմանադրությանը: Քանզի ակնհայտ է, որ հակաժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի հիմնադրման պատճառով մեր երկրի շեղումը ժողովրդավարությունից չի կարող վերացվել այլ կերպ, քան նույն այդ ռեժիմը արմատախիլ անելու միջոցով:
Ինձ համար անընդունելի, բայց հասկանալի է, որ այն ռեժիմի ներկայացուցիչները, որ ժամանակին ¦այո§ են ասել 1-ին Սահմանադրությանը, հիմա պիտի ¦ոչ§ ասեն՝ հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել սեփական ֆիասկոն:
Սակայն, դժվար է ընդունել կամ հասկանալ նրանց, ովքեր բազմիցս հայտարարել և նպատակ են հետապնդել անցնելու խորհրդարանական համակարգի, համամասնական ընտրակարգի և մեծացնելու ընդդիմության դերակատարությունը, հիմա այս ամենին փաստացի դեմ եմ: Դեմ են միայն այն պատճառով, որ նախաձեռնությունը գալիս է նախագահից, ոչ թե իրենցից: Ուրեմն, ժամանակին կամ չեն հասկացել, թե ինչ են պահանջում կամ չեն ենթադրել, որ կարող է իրենց պահանջը բավարարվի:
Ուստի, պարոնայք, զգուշացեք ձեր պահանջներից և նպատակներից, որովհետև վտանգ կա, որ դրանք մի օր կատարվեն»:
15.09.2015թ.