Հայկական սնունդ արտադրողները միջազգային շուկայում ներկայացվածությունն ընդլայնելու նոր հնարավորություններ են ստանում
Այսօր Մոսկվայում բացվել է «World food Moscow 2015» 24-րդ միջազգային ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցում են հայկական սննդարդյունաբերության ոլորտի 10 ընկերություններ: Հայկական տաղավարում ներկայացված է մեր երկրի սննդի արտադրության գրեթե ամբողջ տեսականին. հյութեր, կոմպոտներ, այլ ըմպելիքներ, մուրաբաներ, ջեմեր, թթու, մարինացված բանջարեղեններ, գարեջուր, խաղողի կորիզի, նռան հատիկի, կտավատի յուղեր, կաթնամթերք ու մսամթերք:
«World food Moscow 2015»-ը սննդարդյունաբերության բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից է, հիմնական այցելուները տվյալ շուկայում ներմուծող, առաքող կազմակերպությունների, առևտրային ցանցերի, միջին եւ խոշոր գնորդների ներկայացուցիչներն են։ Ամեն տարի ցուցահանդես է այցելում շուրջ 30 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 1700 կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Հուսով ենք, ցուցահանդեսին մասնակցությունը կնպաստի հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, կօգնի միջազգային շուկայում ավելի ընդլայնված մասշտաբներով և ծավալներով ներկայացված լինելուն, ընկերություններին հնարավորություն կտա նոր գնորդներ ձեռք բերելու»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
«World food Moscow 2015»-ին հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Հիմնադրամն աջակցությունն իրականացրել է Հայաստանի՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն