Լավրովը պատմել է Սիրիայի ափերի մոտ ռազմական զորավարժությունների անցկացման մասին
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զորավարժությունները Սիրիայի ափերին անցկացվում են պարբերաբար ու համապատասխանում են միջազգային իրավունքի չափանիշներին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնի Սիրիայի ափերի մոտ սեպտեմբերի 8-17-ը:
«Ես տեղեկություն չունեմ նրանց գրաֆիկի մասին, սակայն այն, որ դրանք այնտեղ անցկացվում են պարբերաբար, քաջ հայտնի փաստ է»,- ասել է Լավրովն իր մոնղոլ գործընկերոջ հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ռազմական տեխնիկա մատակարարել Սիրիային, որպեսզի ապահովի երկրի պաշտպանունակությունը ահաբեկիչների դեմ պայքարում:
«Ռուս զինծառայողներն ու ռազմական մասնագետները գտնվում են Սիրիայում՝ սպասարկելու ռազմական տեխնիկան ու աջակցելու սիրիական բանակին այդ տեխնիկայի օգտագործման հարցում»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ռուս մասնագետների խնդիրն իրենց սիրիացի գործընկերներին սովորեցնելն է:
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Ռուսաստանը Սիրիա է ուղարկում զինվորականների ու սպառազինություն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար: