Ադրբեջանը կվերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները. ԱԳՆ

Ադրբեջանը կվերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է haqqin.az-ը:

Կապված երեկ Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ կայացրած որոշման հետ՝ Ադրբեջանը չեղյալ է հայտարարել Եվրահանձնաժողովի պատվիրակության՝ հաջորդ շաբաթ Բաքու կատարելիք այցը:

Այցի շրջանակում նախատեսվում էր նախնական քննարկումներ անցկացնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի վերաբերյալ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ընդհանուր առմամբ՝ կապված հակաադրբեջանական ու հակաիսլամական միտումների հետ, մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ՝ կապված  Եվրախորհրդարանի կայացրած բանաձի հետ:

Նշենք, որ երեկ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները:
Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը։

Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը, մասնավորապես կալանավորված իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ:
Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Եվրամիության հասցեական պատժամիջոցների կիրառման հարցը ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման համար:

Տեսանյութեր

Լրահոս