Եվրոպական խորհրդարանի բանաձևը վկայում է, որ եկել է Ադրբեջանին պատժելու ժամանակը. քաղաքագետ. tert.am
Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի` Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևով եկել է Ադրբեջանին պատժելու քաղաքական պահը` առայժմ ոչ թե պրակտիկ մակարդակում, այլ քաղաքական նախազգուշացման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով բանաձևը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: «Քանի որ, իրոք, Ադրբեջանի իշխանությունները չափն անցել են այդ դատավարություններով, լրագրողների նկատմամբ պատիժներով ու իրավապաշտպաններին բերդ նստեցնելով, և խոսքը 6-ամսով կամ մեկ տարվա մասին չէ, այլ 7-10, 15-20 տարվա, պարզ է` սա երկար չէր կարող շարունակվել»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:
Նրա գնահատմամբ` պատժամիջոցներն առայժմ Ադրբեջանի իշխանություններին ուղղված քաղաքական ուղերձի մակարդակն են, ոչ թե կոնկրետ տնտեսական, քանի որ Եվրոպական խորհրդարանը, այնուամենայնիվ, գործադիր մարմին` Եվրահանձնաժողով չէ:
«Պարզ է, որ պառլամենտի որոշումը ոեկոմենդացիա է,որը նրանք տալիս են, պարզ է, որ Խորհրդարանը հիմա չի կարող պարտադրել, բայց դա նշանակում է, որ մթնոլորտը սկսեց փոխվել և դառնալ Ադրբեջանի իշխանությունների դեմ: Եվ ինչ-որ պահի, չեմ ասում` վաղը, բայց կարող է բերեն կոնկրետ քայլերի` պատժամիջոցների: Եվ սա առաջին հերթին կվերաբերի էներգետիկ բլոկի հարցերին` նավթ, գազ»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևին կողմ է քվեարկել 365 պատգամավորներից 202-ը, և դրանում արձանագրվում է, որ վերջին շրջանում աճել է Ադրբեջանում բռնաճնշումները, ինչից տուժում են իրավապաշտպանները և լրագրողները: Եվրախորհրդարանը պահանջում է նաև Ադրբեջանից չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի փակման մասին որոշումը և շարունակել համագործակցել այդ կազմակերպության հետ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: