«Պուտինը չանդրադարձավ սահմանային լարվածությանը, որովհետև խնդիր ունի՝ մոտական ժամանակներում զենքի առևտուրը հաջողությամբ ավարտելու». Լարիսա Ալավերդյան
«Դա հերթական սպասվող հանդիպումների մի դրվագ էր, և սահմանային լարվածության պատճառով չէր, իսկ թե որքանո՞վ էր մեզ ձեռնտու՝ կիմանանք ավելի ուշ: Նմանատիպ հանդիպումները մեկ պատրվակով չեն լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրառանալով Վ. Պուտին-Ս. Սարգսյան հանդիպմանը, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը պայքարում և պայքարելու է՝ թույլ չտալով Ամերիկային՝ իրեն միակ սուպեր պետություն զգալ. «Ես դեմ եմ, որ աշխարհում մեկը լինի ամենագլխավորը, ամենախելոքը, ամենահրամանատարը: Ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս կողմնակից եմ բազմակարծության: Ես պրոռուսական կարծիք չեմ հայտնում. եթե Ռուսաստանը իրեն դնի սուպեր պետության դիրքում, նույնը կասեմ: Գերպետություն այսօր աշխարհում չկա: Գերպետություն լինել, նշանակում է կարողանալ խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, այլ ոչ թե խառնաշփոթ ստեղծել»:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Պուտինը չարձագանքեց, երբ Սերժ Սարգսյանը խոսեց սահմանային լարվածությունից, նա պատասխանեց. «Երբ գերտերության ձգտողները կարողանում են միայն փոքր պատերազմներ ստեղծել, բայց չեն հասնում խաղաղության, ամեն մի ժողովուրդ, որ վտանգված է (իսկ մենք այդպիսի ժողովուրդների մեջ ենք) պետք է հույսը դնի իր կարողությունների վրա: Իսկ այդ կարողությունները մենք ունենք:
Այն, որ այսօր մենք մտել ենք երկարատև ստրատեգիական հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ, ամենևին չի նշանակում, որ մենք կարողանում ենք դա անել. ես դա եմ միշտ քննադատում: Պուտինը չգտավ, որ հարմար պահ է դրան անդրադառնալը, երբ ինքը առևտուր պետք է անի Ադրբեջանի հետ: Այո, այդ պահին Պուտինը չանդրադարձավ դրան, որովհետև խնդիր ունի մոտական ժամանակներում զենքի առևտուրը հաջողությամբ ավարտելու: Սա կոչվում է քաղաքականություն, որտեղ Պուտինն առավելագույն ձևով պահպանում է Ռուսաստանի ազգային շահը: Սա մարտահրավեր էր մեր իշխանություններին, որ իրենք էլ պաշտպանեն մեր ազգային շահը»:



