«Հայաստանի ներքաղաքական կյանքում խժդժություններ չեն լինի». ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է՝ Սահմանադրական բարեփոխումների այս նոր նախագծով՝ վերացվում է խորհրդարանական համակարգի հիմնական թերությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ ակնհայտ է, որ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական համակարգերն ունեն իրենց թերությունները:

Ըստ նրա՝ նախագահական համակարգի հիմնական թերությունը կայանում է նրանում, որ կա երկու առաջնային մանդատ, ու խնդիրն այն է, որ այդ երկու առաջնային մանդատ ունեցող մարմինները, հնարավոր է` նույն կոնցեպցիային չդավանեն, և այդտեղ կոնֆլիկտներն անխուսափելի են:

Գ. Մինասյանը կարծում է՝ թերություն ունի նաև խորհրդանական համակարգը. «Դա պակաս կայուն մակարդակն է: Այսինքն՝ այս համակարգում խորհրդարանը բավականին արագ կարող է կորցնել մեծամասնությունը, այս պարագայում դուք դատապարտված եք պերմանենտ կառավարությունների փոփոխության, որը բերում է նրան, որ կառավարությունը չի հասցնում իրականացնել իր կոնցեպցիան այս կամ այն բնագավառում, գալիս է նոր կառավարություն, որն այլ գերակայություններ ունի, և սա ևս բերում է ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման»: Գ. Մինասյանի խոսքով՝ այս նախագծով առաջարկվում է մի լուծում, որը վերացնում է խորհրդարանական համակարգի այդ հիմնական թերությունը՝ դա կայուն մեծամասնության ստեղծումն է խորհրդարանում:

Գ. Մինասյանը կարծում է՝ հենց Սահմանադրության մեջ պետք է հստակ նշվի, որ մինչև երկրորդ փուլի իրականացումը, խորհրդարանական ուժերը նախ՝ պետք է փորձեն կայուն մեծամասնություն ստեղծել խոհրդարանում:

Կարդացեք նաև

Հարցին՝ քանի որ ընդդիմադիրները նախկինում պահանջում էին սահմանադրական փոփոխություններ, իսկ հիմա դեմ են այդ փոփոխություններին, դա չի՞ փաստում, որ նրանց դեմ լինելու պատճառն այն է, որ նախագիծը հնարավորություն է տալիս, որ իրականանա Սերժ Սարգսյանի այն խոստումը, որ առաջիկա 10 տարվա գործընթացներն «անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով», Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, որովհետև այս նախագծով խորհրդարանական փոքրամասնության դերակատարումն աննախադեպ մեծանում է երկրի կառավարման բոլոր բնագավառներում, ու լրջագույն հարցեր լուծել չի լինում՝ առաց քաղաքական փոքրամասնության ներգրավվածության»:

Հարցին էլ՝ Ձեզ համար հասկանալի՞ են ընդդիմադիրների պահանջներն ու առարկությունները, Գ. Մինասյանը պատասխանեց, որ ընդդիմությունը պետք է ավելի հստակ ներկայացնի իր առարկությունները, որպեսզի նման հարցեր չառաջանան:

Իսկ այն հարցին, թե՝ քանի որ ընդդիմադիրները դեմ են այս փոփոխություններին, կարելի՞ է ակնկալել խժդժություններ երկրի ներքին կյանքում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց՝ չի կարծում. «Հարցն այդ աստիճանի չի սրվի, քանի որ նրանք, ըստ էության, տեսնում են այն բոլոր դրական բաները, որ տալիս է նախագիծն ընդդիմության համար»:

Տեսանյութեր

Լրահոս