«Բոլոր ոճերի երգիչներն աշխատում են այստեղից գնալ, որովհետև չեն գտնում իրենց աշխատանքի համար բավարար պայմաններ». Գիսանե Պալյան

168.am-ի զրուցակիցն է EMPYRAY ռոք խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը, ում հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե ինչ վիճակում է Հայաստանում ռոք երաժշտությունը, ու ինչ անելիքներ ունի EMPYRAY-ն առաջիկայում:

– Գիսանե, ռոքի համար ի՞նչ շրջան է: Առաջին հայացքից՝ կարծես ճգնաժամային վիճակ լինի երգարվեստում: Համերգները պակասել են: Ինչի՞ հետևանք է դա՝ հիասթափությա՞ն, պահանջարկի բացակայությա՞ն, ունկնդրի պակասի՞:

– Մենք միշտ աշխատել ենք չհիասթափեցնել մեր հանդիսատեսին, չգնալ կոմերցիայի հետևից, արել ենք մեր գործը՝ անկախ նրանից՝ դա կոմերցիո՞ն կլինի, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է հիասթափությանը, Հայաստանում ամեն ոլորտում է ճգնաժամային վիճակ, ինչը չի կարող չանդրադառնալ երգարվեստի վրա: Ընդհանուր հիասթափություն կա, մարդիկ չեն գնում համերգների, իսկ ռոք համերգ շատ բարդ է կազմակերպելը: Ռոք համերգի դեպքում, երբ ամեն ինչ կատարվում է կենդանի հնչողությամբ, այդ ամենը պահանջում է տեխնիկական լավ սպասարկում, մեծ գումարներ:

Կարդացեք նաև

Gisane6

Մեր խումբը վաղուց է ունեցել մենահամերգ, հիմա էլ մտածում ենք համերգների մասին, սակայն շատ բարդ է իրականացնելը, այդ պատճառով էլ հանդես ենք գալիս փառատոների ժամանակ: Մեզանում ավելի շատ ակումբային երաժշտությունն է սկսել զարգանալ, ինչը, կարծում եմ՝ այդքան էլ լավ չէ: Չէ՞ որ երաժիշտի ամենամեծ բավարարվածությունը համերգներն են, ու բոլոր արտիստները սիրում են բեմը: Եթե նախկինում հավաքական համերգներ էին կազմակերպվում նույն փոփ երաժշտության բնագավառում, հիմա արդեն դրանք էլ կարծես չկան:

– Շատ երաժիշտներ են հեռանում՝ կարծես թուլացնելով երաժշտական ոլորտը: Նույնը կատարվեց ձեր խմբի հետ: EMPYRAY-ի վոկալիստ Աարգիս Մանուկյանը հեռացավ ԱՄՆ:

Gisane5

– Ես չեմ մեղադրում գնացողներին: Մարդն իրավունք ունի գնալ այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում, մարդ է զգում, հարգված է ու սիրված: Այն մարդիկ, ովքեր արտագաղթում են, նրանց 90 տոկոսը պարտադրված է գնում: Ես վստահ եմ՝ այստեղ եթե ամեն ինչ լավ լիներ, եթե երաժիշտներն այստեղ կարողանային զբաղվել իրենց գործով ու վաստակել գումար, երբեք չէին հեռանա: Այստեղ ոչ մի պայման չկա ստեղծված, որ երաժիշտն իր մասնագիտությամբ կարողանա գումար վաստակել, ապրել ու ստեղծագործել: Բոլոր ոճերի երգիչներն աշխատում են այստեղից գնալ, որովհետև չեն գտնում իրենց աշխատանքի համար բավարար պայմաններ:

– Մշակույթի նախարարության աջակցություն երբևէ եղե՞լ է ռոքին:

– Հիմա կդժվարանամ հիշել: Հիշում եմ՝ մի քանի ռոք խմբով հանդիպեցինք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ով ռոքի սիրահար է: Մի կառույց խնդրեցինք տրամադրել ռոք երաժիշտներին փորձերի համար: Մի փոքր խնդրանք էր: Վարչապետը խոստացավ, սակայն ոչինչ էլ տեղի չունեցավ: Իսկ հիմա ոչ մի պաշտոնյա հետաքրքրված չէ ռոքով: Ոչ մի զարգացում չկա, խեղդված վիճակ է, իսկ իրականում այնքան լավ խմբեր կան, լավ երաժիշտներ:

– Գիսանե, կմանրամասնեի՞ք, թե ինչ է անում ներկայումս EMPYRAY խումբը: Սոցցանցերում անգամ հայտարարություն կար աղջկա քասթինգի մասին, ով պետք է հանդես գա խմբի նոր տեսահոլովակում: Կմանրամասնե՞ք՝ խոսքն ինչի՞ մասին է:

– Շուտով նոր կազմով կնկարահանենք EMPYRAY-ի երկրորդ տեսահոլովակը: Չեմ ցանկանա բացահայտել, թե ինչի մասին է լինելու տեսահոլովակը, պարզապես աղջիկ է հարկավոր, դերասանուհի, որը կխաղա հոլովակում: Մոտ 10-15 օրից սկսենք նկարահանումները:

Gisane3

Gisane2

– Նո՞ր երգի, թե՞ արդեն սիրված կատարումներից մեկի հիման վրա է նկարահանվելու տեսահոլովակը:

– Երգը նոր է, բայց արդեն լսված է հանդիսատեսի կողմից: Այն Youtube-ում կա, համերգներին էլ շատ ենք կատարել, ու, քանի որ շատ էին արձագանքները, հասկացանք, որ սիրված է, ու որոշեցինք նկարահանել:

– Ե՞րբ պատրաստ կլինի տեսահոլովակը:

– Բավական բարդ նկարահանումներ են: Հիմա կնկարահանենք, կպատրաստենք, կարծում եմ՝ աշնանը կներկայացնենք հանդիսատեսին:

– Ի՞նչ փոփոխություն կրեց խումբը՝ նոր վոկալիստի գալով: Արդյո՞ք կատարվեցին ոճային փոփոխություններ խմբի երգացանկում:

– Իհա՛րկե, քանի որ ռոք խումբը միշտ ասոցիացվում է մենակատարի՝ ֆրոնտմենի հետ, քանի որ առաջին պլանում լինում է երգիչը, չեն ճանաչում անգամ երկրորդ պլանի երաժիշտներին, չնայած այն բանին, որ բոլորը հավասարազոր են, պարզապես բնական է, առաջին պլանում երևում է երգիչը, ու խումբն ասոցիացվում է երգչի հետ: Այդպես էլ մեզ մոտ էր: Խումբն ասոցիացվում էր Սարգիսի հետ: Նա այնքան էր ասոցիացվում խմբի հետ, որ Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո, բնականաբար, մեծ հարց ծագեց, թե ի՞նչ ենք անելու: Նա ու իմ ամուսինը՝ Կարենը (EMPYRAY խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը), միասին էին ստեղծել խումբը 1994-ին, սակայն, քանի որ ունեինք ասելիք ու չէինք ուզում, որ խումբը դադարեր գոյություն ունենալ, Կարենի հետ որոշեցինք, որ խումբը պետք է շարունակվի, և մեծ խնդիր էր Սարգիսին փոխարինող գտնելը, քանի որ նա շատ սիրված էր ու ճանաչելի:

Այդ պատճառով որոշեցինք խումբ այլ երգչի վերցնել՝ ի դեմս Սուրեն Պողոսովի, ով շատ ավելի ժամանակակից ոճով է երգում, ու ձայնի տեմբրը տարբերվում է Սարգիսի ձայնից: Շատ երիտասարդ է, ու, բնականաբար, նրա գալով՝ փոփոխություններ եկան մեր խումբ, խմբի գույնը որոշակի փոխեց, իսկ հիմքը մնաց նույնը՝ աշխատելու ենք ասելիքով, այսինքն՝ անիմաստ երգեր չեն լինելու: Աշխատում ենք պահպանել մեղեդայնությունը, որ երգը լինի հասարակ, բայց խորը՝ թե՛ խոսքերի առումով, թե՛ երաժշտության:

Gisane1

– Գիսանե, Սարգսի հեռանալուց հետո խմբում հայտնվեց Եվա Սուջյանը, սակայն նա կարճ ժամանակ անց ևս հեռացավ:

– Այո, մի քանի համերգներից հետո տարաձայնություններ եղան, երաժշտական առումով չկարողացանք իրար հասկանալ, քանի որ տարբեր կերպ ենք մտածում: Թվում էր, թե հեշտ կաշխատենք, բայց եղան տարաձայնություններ երաժշտական առումով: Հասկացանք, որ սխալվել ենք, քանի որ թե՛ Եվան էր արդեն կայացած, թե՛ մենք՝ որպես երաժիշտներ: Դա բարդություն առաջացրեց, որոշեցինք յուրաքանչյուրս մեր ճանապարհով գնալ:

– Այդ պատճառո՞վ որոշվեց, որ փնտրվի ավելի պակաս հայտնի ու պակաս կայացած երաժիշտ:

– Մենք ունեինք հստակ պատկերացում, թե ինչ ենք ուզում գտնել: Սուրենին ես երկար ժամանակ էի ճանաչում, նա կիթառ է նվագում, ինչը կարևոր է խմբի համար: Սկզբնական շրջանում դժվար էր պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատենք: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, քանի որ նույն կերպ ենք մտածում: EMPYRAY-ի երաժիշտները եղել են մի ընտանիքի նման: Սուրենը դարձավ EMPYRAY-ի ընտանիքի անդամ, ավելի շատ ընկերական հարաբերություններ ունենք, որոնք օգնում են աշխատանքին:

Gisane7

– Ի՞նչ ծրագրեր ունի խումբն առաջիկայում:

– Մեր առաջին համատեղ տեսահոլովակը նկարահանելուց առաջ մշակեցինք որոշակի պլանների շղթա, որով շարժվում ենք: Շուտով կլինի երկրորդ տեսահոլովակը, բացի դրանից, պատրաստում ենք նոր ալբոմ, որից որոշ երգեր սոցցանցերում կան, Facebook-ի էջում էլ կան, սեպտեմբերին ունենք համերգներ Երևանում: Մենք ինտենսիվ աշխատում ենք:

Լուսանկարները՝ Գիսանե Պալյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս