«Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պահանջել է Քրիստինե Խանումյանի քրեական գործը՝ անձամբ ուսումնասիրելու համար». դատախազի խորհրդական
ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել, որի շրջանակներում որպես մեղադրյալ էր ներգրավել «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինե Խանումյանին, ով նաև ilur.am կայքի խմբագիրն է: Գործի հարուցման առիթը կայքի կողմից հրապարակված նյութն էր, համաձայն որի՝ Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարբած վիճակում բռնություն էր կիրառել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Վարդան Նադարյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով 2015թ. ապրիլին աշխատանքից ազատվել և ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Տվյալ լուրի աղբյուրը բացահայտելու դատարանի պարտադրող ապօրինի վճռից հետո ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ilur.am կայքի խմբագրի նկատմամբ:
Օրեր առաջ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ հանդես եկան բաց նամակով՝ իշխանությունների ուշադրությունը հրավիրելով մամուլի նկատմամբ վերջերս տեղի ունեցող գործընթացներով, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը:
168.am-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանին հարցում էր կատարել կայքի խմբագրի դեմ հարուցված քրեական գործի փաստով ՀՀ Գլխավոր դատախազության մեկնաբանությունները ստանալու նպատակով:
Դատախազության աշխատակիցն այսօր, ի պատասխան մեր հարցման՝ ասաց. «Անկեղծ ասած՝ Ձեր նշած գործի կապակցությամբ նոր տեղեկատվություն չունեմ տրամադրելու: Տեղյակ եմ միայն, որ երեկ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պահանջել է Քրիստինե Խանումյանի քրեական գործը՝ անձամբ ուսումնասիրելու համար»: