Ինչ հարաբերություններ է ունեցել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների գործով մեղադրյալը մարզպետի հետ

Հարցազրույց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի հետ

– Պարոն Հովհաննիսյան, Դուք դիմել էիք ԱԱԾ, ինչպես նաև Ոստիկանություն` Ձեր պաշտպանյալ Գ. Աթաջանյանի հարազատների նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու հարցով: Որևէ պատասխան ստացե՞լ եք այդ մարմիններից:

– ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քրեական հետապնդման մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, պետք է որոշում կայացնի պաշտպանության միջոցներ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ: Մենք դիմումը ներկայացրել ենք հուլիսի 7-ին՝ ժամը 16:10-ին: Այսինքն՝ անցել է 3 օրից ավելի, սակայն մինչ այս պահը մենք դիմումի պատասխան չենք ստացել: Չեմ կարող ասել, որ դա անփութության արդյունք է, միգուցե շատ ծանրաբեռնված են, այդ պատճառով չեն կարողանում պատասխանել, դիտավորություն էլ չեմ համարձակվի ասել: Ամեն դեպքում փաստն այն է, որ այս պահին դիմումի պատասխան չունենք:

Դրա համար մենք նամակ ենք հասցեագրել Սյունիքի ոստիկանության վարչության պետին, որպեսզի հաշվի առնելով Ոստիկանության գործառույթները (հիմնական գործառույթն անձի կյանքի, առողջության, սեփականության իրավունքների պաշտպանությունն է) համապատասխան միջոցներ ձեռնարկեն այդ անձի՝ Գ. Աթաջանյանի ընտանիքի և մերձավոր ազգականների կյանքի և անվտանգության ապահովման նպատակով:

Կարդացեք նաև

– Բողոքարկե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք բողոքարկել նրան կալանավորելու, ինչպես նաև` մեղադրանք առաջադրելու մասին որոշումները:

– Վերաքննիչ դատարան արդեն իսկ բողոքարկվել, մուտք է եղել իմ պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին որոշումը: Նիստի վերաբերյալ վերաքննիչ դատարանից առայժմ ծանուցում չենք ստացել: Բացի դա` Գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել քրեական հետապնդման մարմնի որոշման դեմ:

Պաշտպանական կողմը քրեական հետապնդման մարմնին միջնորդություն է ներկայացրել քրեական գործով մի շարք քննչական գործողություններ կատարելու, դատավարական որոշումներ կայացնելու, ընդհուպ` առերեսումների կատարման վերաբերյալ այն անձանց հետ, ովքեր, հավանական է՝ ցուցմունք տված լինեն պաշտպանյալիս վերաբերյալ, պարզելու տվյալ անձանց կապերն ու միջանձնային հարաբերությունները, քանի որ պաշտպանյալս հստակ նշում է, որ ինքը գործով անցնող մյուս երկու մեղադրյալներին մինչև դեպքը չի ճանաչել, նրանցից մեկին անգամ դեպքից հետո չի ճանաչում, առնչություն չունի, իսկ մեկի հետ ծանոթացել է դեպքից մոտ 20 օր անց: Որպեսզի ստուգեն ասվածի արժանահավատությունը` միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի գնան, պարզեն այդ կապերը:

– Իսկ մյուս մեղադրյալի հետ ի՞նչ հարաբերություններ է ունեցել:

– Ընկերական հարաբերություններ է ունեցել, մյուս երկուսին ընդհանրապես չի ճանաչել:

– Իսկ նախաքննական մարմինը, ինչպես նաև դատարանն ինչո՞վ են պատճառաբանում Գ. Աթաջանյանին կալանավորելու անհրաժեշտությունը:

– Քրեական հետապնդման մարմինը մի շարք, ես կասեի` նույնիսկ ծավալուն նյութեր էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան, սակայն նախաքննության ընթացքում կամ միջնորդություն ներկայացնելիս չափանիշը ոչ թե նյութերի բազմածավալ կամ բազմաքանակ լինելն է, այլ դրանցում պարունակվող այն ապացույցները, տեղեկությունները կամ նյութերը, որոնք կհիմնավորեն պաշտպանյալիս ոչ թե մասնակցությունը, այլ առնչությունը հանցագործության կատարմանը:

Մասնակցությունն ավելի բարձր չափանիշ է, որը նախաքննության հետագա փուլերի խնդիրն է: Տվյալ դեպքում դատարանի համար բավարար կլիներ նաև զուտ հիմնավոր կասկածը, որ նա առնչվում է կատարված հանցագործությանը, սակայն վստահեցնում եմ, որ ներկայացված նյութերում հիմնավոր կասկածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, ապացույց չի եղել: Պաշտպանական կողմը տվյալ դատական նիստի ընթացքում դատարան միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը քրեական հետապնդման մարմնից պահանջի ներկայացնել կոնկրետ այն նյութը, որից բխում է իրենց այն հետևությունը, որ անձն առնչություն ունի կատարված հանցագործությանը, կամ ազատության մեջ մնալով` կկատարի այս կամ այն ապօրինի գործողությունը, օրինակ, կկատարի քրեական օրենքով արգելված արարք, կազդի դատավարությանը մասնակցող անձանց վրա:

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի այդ միջնորդությունը՝ առանց որևէ պատճառաբանության, հիմնավորման: Բավարարվեց քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը:
Ես կուզեի հայտնել նաև դատարանի՝ ինձ համար գործնականում և պրակտիկ առումով հետաքրքիր դիրքորոշման մասին: Ասեմ, որ պաշտպանյալս ծանր հիվանդ է, տառապում է շաքարային դիաբետով, երրորդ կարգի հաշմանդամ է: Մեր կողմից դատարան ներկայացվեց մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտը, որտեղ առկա են էպիկրիզը, համապատասխան փաստաթղթերը: Դատարանը սա չընդունեց և չկցեց քրեական գործին՝ հիմնավորելով, որ համոզվածություն չունի, որ սա իրականում ձեռք է բերվել Կապանի բժշկական կենտրոնից: Հետևությունները թողնում եմ Ձեզ: Այս մասով ևս վերաքննիչ բողոքը ներկայացվել է, սպասենք նիստին և արդյունքներին:

– Նշել էիք, որ Ձեր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում: Նույն դիրքորոշումն է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՞ վերաբերյալ (ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերել և պահել):

– 235-րդ հոդվածի վերաբերյալ այս պահին ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ անել, քանի որ իր կողմից տրված իրավասություն չունեմ այս պահին դրա վերաբերյալ մեկնաբանություն կատարելու: Ինքն ընդհանրապես առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

– Ձեր կարծիքով` որքանո՞վ է հիմնավոր Գ. Աթաջանյանին մեղադրանք առաջադրելու մասին որոշումը:

– Մեղադրանք առաջադրելիս ես և պաշտպանյալս միջնորդել ենք, որպեսզի ներկայացնեն այն հիմքերը, որոնց հիման վրա իրեն մեղադրանք առաջադրվեց: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և միջազգային բոլոր փաստաթղթերը, կոնվենցիաներն ասում են, որ պետք է ներկայացվեն հիմքերը. հիմքերն այն ապացույցների համակցությունն է, որը տվյալ պահին քննիչի համար բավարար է մեղադրանք առաջադրելու համար:

Միջնորդությունը տվյալ պահին չի քննարկվել, ապացույց չի ներկայացվել, այնուհետև միջնորդության մերժում ենք ստացել, որ ելնելով նախաքննության գաղտնիությունից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով` տվյալ պահին որևէ ապացույց ներկայացնելը նպատակահարմար չեն համարում: Քրեական հետապնդման մարմնի տվյալ որոշումը բողոքարկվել է Գլխավոր դատախազություն, վկայակոչվել են բոլոր միջազգային իրավանորմերը (անգամ, եթե ներպետական օրենսդրության որևէ նորմ հակասում է միջազգային իրավանորմերին, ապա կիրառվում են միջազգային իրավանորմերը), որոնք հստակ ասում են, որ պետք է ապացույցներ ներկայացվեն: Սպասում ենք Գլխավոր դատախազության պատասխանին:

– Գործով երեք անձ է ներգրավված` որպես տուժող: Տեղյա՞կ եք՝ Ձեր պաշտպանյալն ի՞նչ հարաբերություններ ունի Սուրիկ Խաչատրյանի, նրա վարորդի ու օգնականի հետ:

– Չգիտեմ` ինչ հարաբերություններ ունի վարորդի և երրորդ անձի հետ: Ըստ իր հայտարարության` մարզպետի՝ Ս. Խաչատրյանի հետ ունեցել են բնականոն հարաբերություններ, նույնիսկ սահմանների պաշտպանությանն ուղղված մարտերին միասին են մասնակցել: Մինչև դեպքը չի եղել որևէ հակասություն, չի եղել նաև դեպքից հետո: Եթե դիտարկենք պաշտպանական կողմի տեսակետից, ցանկացած քրեական հետապնդման մարմնի ներկայացուցիչ, ցանկացած քննիչ, ով քրեական գործ է քննում, առավել ևս՝ չբացահայտված քրեական գործ, առաջին հերթին` փորձում է պարզել սպանության շարժառիթը, մոտիվը, նոր դրա հիման վրա կառուցել վարկածներ: Իրենց հարաբերություններում որևէ հակասական բան չկա: Եթե այս պահին քրեական հետապնդման մարմնին հարցնեք՝ ո՞րն է հանցագործության մոտիվը կամ շարժառիթը, չեմ կարծում, որ որոշակի պատասխան կստանանք, որովհետև ոչ մեկիս համար դա պարզ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս