Ֆրանսիական մաղադանոս. Բուժիչ նամակներ

Anthriscus cerefolium-Կերվելուկ, կուպիր, հովանաբույս, գազրուկ։

Բույսի հայրենիքը Արեւմտյան Ասիան է, անհիշելի ժամանակներից այն աճում է հայկական լեռնաշխարհում, հատկապես Այսրկովկասում։ Դեպի Արեւմտյան Եվրոպա բույսը տարածվել է հռոմեական արշավանքների ընթացքում։ Հին Հունաստանում եւ Հռոմում կերվելուկն օգտագործել են սննդի մեջ։

Բույսի անվանումը եվրոպական տարբեր լեզուներում հնչում է գրեթե միանման` կերբել, կերվել, չերվել եւ այլն։ Ներկայումս բույսը տարածված է եվրոպական երկրներում, Արեւելյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում։ Հատկապես մեծ տարածում ունի կերվելուկը Ֆրանսիայում, որտեղ այն օգտագործվում է բանջարեղենի, գառան մսի, հավի, ձկան հետ, համեմունքային խառնուրդների, սոուսների մեջ։ Կերվելուկն ուժեղացնում է մաղադանոսի, կանաչ սոխի, թարխունի ազդեցությունը։

Բույսի տերեւները նման են մաղադանոսին, որի պատճառով այն երբեմն անվանում են «ֆրանսիական մաղադանոս»։

Կարդացեք նաև

Կերվելուկն ավելացնում են կաթնաշոռին, կարագին եւ քսում հացի վրա։ Կիրառվում է պանրի արտադրության մեջ։ Խառնում են սպիտակ գինու քացախի հետ։

Կերվելուկն օգտագործում են թարմ վիճակում։ Ջերմային մշակման եւ չորացնելու դեպքում կորցնում է իր բուրմունքը, այդ պատճառով այն ավելացնում են կերակրի մեջ` պատրաստ լինելուց 1-2 րոպե առաջ։

Կերվելուկի` որոշ բնության մեջ հանդիպող եւ մշակովի ձեւերն առաջացնում են արմատապտուղ, որը նման է վայրի ստեպղինին, համով հիշեցնում է քարավուզին (նեխուր)։ Կերվելուկն առաջացնում է փարթամ վարդակ, բաղկացած է 25-40 տերեւներից։ Ցողունները կարող են հասնել մինչեւ 70 սմ երկարության։ Տերեւները կրկնակի կամ եռակի փետրաձեւ են, կոթունավոր, դեղնա-կանաչավուն, մերձգետնյա մասում` երբեմն մանուշակագույն։ Ծաղիկները մանր են, սպիտակ կամ վարդագույն հավաքված հովանոցաձեւ ծաղկաբույլերի մեջ։ Սերմիկները սեւ են, փայլուն, արտաքնապես նման են եղեւնու ասեղիկներին։ Դրանք պահպանում են իրենց ծլունակությունը 3-4 տարի։ Սերմերը շատ արագ են անջատվում բույսից։ Ցանքից մինչեւ ուտելի տերեւներ ստանալը անցնում է 40-50 օր։ Կերվելուկը ցրտադիմացկուն է, ոչ պահանջկոտ հողի որակի եւ խնամքի հանդեպ։ Սիրում է արեւից պաշտպանված շվաքոտ տեղեր, չի դիմանում երաշտին։ Վաղահաս բույս է։ Թարմ տերեւները կարելի է օգտագործել վաղ գարնանը, ձնհալից անմիջապես հետո։ Հայաստանի պայմաններում մշակվել են Մուգ կանաչավուն, Սովորական եւ այլ տեսակներ։

Տարվա ընթացքում բարենպաստ պայմաններում կարելի է մի քանի անգամ կերվելուկից բերք ստանալ։ Բույսը լավ մեղրատու է` 30-50 կգ 1 հա-ից։

Կերվելուկը չորանում է անմիջապես ծաղկման շրջանից հետո։ Կերվելուկի մատղաշ տերեւները պահպանվում են 2-4 օր սառնարանի մեջ։ Բույսը հեշտությամբ աճում է տնային պայմաններում, որպեսզի ավելանա տերեւների զանգվածը` պետք է պարբերաբար կտրել նոր առաջացող ծաղկակիր ցողունները։

Կերվելուկի հոտը վանում է միջատներին, հատկապես` մրջյուններին։

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է վերին շնչուղիների հիվանդություններին դեպքում, նաեւ` որպես ախորժակը եւ մարսողությունը լավացնող միջոց։ Խորհուրդ է տրվում կիրառել սննդակարգի մեջ` լյարդի, երիկամների, լեղապարկի հիվանդությունների դեպքում։

Կերվելուկի բոլոր մասերը պարունակում են եթերային յուղ` անետոլ։ Բույսը պարունակում է ֆիտոնցիդներ, ասկորբինաթթու (60 մգ 100 գ հումքի մեջ), կարոտինային նյութեր (7 մգ), ռուտին, մագնիումի եւ կալիումի աղեր, պրոտեիններ, դառնանյութ, ճարպեր։

Հովանոցավորների ընտանիքի բույսերը` գազար, մաղադանոս, քարավուզ, սամիթ, պաստերնակ, չաման, անիսոն եւ այլն, ունեն բնության մեջ հանդիպող ոչ մշակովի նմանակները։ Վերջիններիս մեջ կան այնպիսիները, որոնք կարող են զգալի վտանգ ներկայացնել մարդու կյանքի համար։ Կերվելուկի տերեւներն արտաքնապես նման են պիսակ բծավորին, որը խիստ թունավոր բույս է։ Հավաքելիս պահպանեք զգուշություն։ Բնության մեջ հանդիպելիս կարող է տարբերել միայն փորձառու մասնագետը։

Դեղատոմսեր 

Գիրության դեպքում

  • 1ճ/գ մանրացրած տերեւները 400 մլ եռջրով թրմեք 1 ժամ ջերմապահի մեջ։ Քամեք։ Բաժանեք մասերի։ Խմեք սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։
  • 100 գրամ կերվելուկի տերեւներին ավելացրեք 200 մլ եռջուր։ Եփեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք) 30 րոպե։ Անջատեք կրակը եւ անմիջապես վրան լցրեք 200 մլ օղի, ծածկեք կափարիչով։ Հովանալուց հետո քամեք։ Ոգեթուրմի մեկ թեյի գդալը խառնեք 50 մլ սառը ջրի հետ, խմեք սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։

Արտաքին օգտագործման համար. Կերվելուկի մատղաշ, թարմ տերեւների հյութամզվածքն օգնում է դժվար լավացող վերքերին, էկզեմային, մաշկային ցանի դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս