Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները ամուսնալուծվում են
Եվս մեկ հոլիվուդյան զույգ, որը երկար տարիներ համարվում էր ընտանիքի էտալոն, հայտարարեց ամուսնալուծման մասին: Ինչպես հաղորդում է Kinonews.ru կայքը՝ վկայակոչելով People ամսագրին, որոշել են ամուսնալուծվել Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները:
«Երկարատև մտորումներից հետո, ամեն ինչ լավ վերլուծեցինք ու ընդունեցինք ամուսնալուծվելու որոշումը: Մենք առաջվա նման միմյանց կվերաբերվենք սիրով և հարգանքով, միասին հոգ կտանենք մեր երեխաների մասին: Խնդրում ենք հասկանալ ու հարգել մեր որոշումը: Սա միակ մեկնաբանությունն է այս առիթով: Շնորհակալություն»,- ասված է զույգի համատեղ հայտարարությունում:
Դերասանների շրջապատին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նրանք մտադիր են օգտվել իրավաբանների ծառայություններից, որպեսզի լուծեն նյութական հարցերը:
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները ամուսնական կյանքով ապրեցին 10 տարի: Նրանք ունեն 3 երեխա՝ 2 աղջիկ(9 և 6 տարեկան) և երեքամյա տղա: Նրանց համատեղ կյանքը դեռևս 2014 թվականից արդեն առաջվանը չէր: Հարցազրույցներից մեկում Գարներն ասել էր, որ իրենց հարաբերությունները վաղուց փոխակերպվել են միմյանց հանդեպ հոգատարության ու պատասխանատվության: Իր հերթին Աֆլեքն էլ հայտարարել էր, որ Գարների հետ ամուսնությունն իրեն օգնել է «կարգավորել» իր կյանքը:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը