20 կգ նիհարած դերասանուհի Նաիրա Մովսիսյանն առաջարկում է 20 րոպեում 1-2 կգ նիհարեցնող քսուք
Վերջերս BlogNews.am-ն իր ընթերցողներն հայտնել էր, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նախորդ տարի դիետայի շնորհիվ նիհարել է 20 կգ-ով։ Դերասանուհին առաջարկել է նաև նիհարեցնող քսուք, որը, ըստ նրա, 1-2 կգ ձգում է մարմինը և նիհարեցնում։
«Սա օգնում է, որպեսզի չաղանալ-նիհարելու ընթացքում մարմինը չձևափոխվի»,- ասաց նա ու ներկայացրեց բաղադրատոմսը։
Վերցնում ենք 3 ճ/գ կարմիր շատ կծու բիբար, 3 ճ/գ դարչին և այնքան ձեթ, որ դառնա համասեռ զանգված՝ ոչ շատ թույլ, ոչ էլ պինդ։ Այն պետք է տարածել մարմնի այն հատվածին, որը պետք է նիհարի, փակել սննդային պոլիէթիլենով և տաք հագնվել։
«Եթե 20 րոպե դիմանան, շատ լավ արդյունք է, քանի որ այն ցավեցնում է։ 20 րոպեից քսուքը կարելի է լվանալ գոլ կամ սառը ջրով։ Մինչ այդ ու դրանից հետո կշռվելու դեպքում կտեսնեն, որ տարբերությունն ակնհայտ է»,- նշեց դերասանուհին ու խորհուրդ տվեց նախապես մի փոքրիկ հատված քսել թևին, որպեսզի համոզվեն, որ դրանից ալերգիա չունեն։
Դերասանուհին մինչ այդ ներկայացրել էր նիհարելու իր դիետան: Կայքի թղթակցի հետ զրույցում Նաիրան խոստովանել է, որ 1 տարի առաջ 3 ամսում նիհարել է 18-20 կգ։
«Դիետա սկսելը հեշտ չէ, բայց պետք է մտածել ոչ թե չուտելու, այլ նիհարելու մասին։ Դա շատ է օգնում։ Շատ կարևոր է նաև ֆիզիկական աշխատանքը՝ շեյփինգ, արագ ու երկար քայլել և այլն»,- նշել է դերասանուհին։
Նաիրան պատմել է իր սննդակարգի մասին, սակայն զգուշացրել, որ նման դիետա պահելու դեպքում պետք է անալիզներ տալ, որպեսզի առողջությանը վնաս չհասցվի։ «Գոյություն ունեն սուբյեկտիվ գործոններ որոնք պետք է հաշվի առնել։ Եթե մարդն ինչ-որ վիտամինի պակաս ունի, չպետք է սննդակարգից բացառի այդ վիտամինով սնունդը»,- ասել է նա:
Եվ այսպես՝ դիետա պահելու փուլում Նաիրան սնվում էր օրը 5 անգամ՝ 2-3 ժամը մեկ, նաև՝ ժամը 6-ից հետո, քանի որ սննդակարգում ներառված են թեթև ուտեստներ:
«Այդ ընթացքում նորմալ սնվում ես։ Ես ամենից շատ ուտում էի բանջարեղեն, հնդկաձավար, բրինձ, միս, սալորի չիր։ Միսն ուտում էի տապակած վիճակով, բացառում էի երշիկեղենը՝ կիսաֆաբրիկատը, տապակած կարտոֆիլը, «Fast food»-ը, գազավորված ընպելիքները, նույնիսկ՝ ջերմուկը, երբեք չեմ խառնել ջուրն ու ուտելիքը, քանի որ ուտելիս չի կարելի խմել։ Ես նաև հաց չէի օգտագործում, սակայն եթե ինչ-որ մեկի օրգանիզմը հացի կարիք ունի, կարող է շաբաթը մեկ անգամ մի կտոր հաց ուտել, սակայն շաբաթվա նույն օրը, նույն ժամին ոչ մի րոպե տարբերությամբ:
Շատ կարևոր է պահել ժամերը, ես նույնիսկ դրսում քայլելիս ուտում էի, երբ իմ ուտելու ժամն էր գալիս»,- ներկայացրել է նա: Քաղցրակերներին որպես շոկոլադի փոխարինող Նաիրան առաջարկել է պահածոյացված, սառեցված կամ թարմ գազար, քիչ եգիպտացորեն, չիպսի փոխարեն կարելի է բազուկ, գազար, նեխուրի (քարաուզի) կոշտ մասերը բարակ կտրատել, դնել ջեռոցում և ուտել. «Եթե մարդը սովոր է ուտել ինչ-որ բան, որը չի կարող բացառել, օրինակ՝ կոնֆետ, կարող է ամեն օր նույն ժամին մի փոքր ուտել»: