Եվրահանձնաժողովի ղեկավարը հույներին կոչ է արել «ինքնասպանություն չգործել»
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը այսօր մեկնաբանել է Հունաստանում կայանալիք հանրաքվեի փաստը: Իր ելույթում նա կոչ է արել հույներին «ինքնասպանություն չգործել» ու քվեարկել վարկատուների պայմանների օգտին՝ Աթենքին օգնության տրամադրման դիմաց:
Քաղաքացիները պետք է քվեարկեն՝ ընդունե՞ն միջազգային վարկատուների եռյակի (Եվրահանձնաժողով, ԵԿԲ, ԱՄՀ) պայմանները, թե՞ ոչ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խորհուրդ է տվել հայրենակիցներին քվեարկել «դեմ», ինչն անսպասելի է եղել վարկատուների համար:
Կիրակի կայանալիք հանրաքվեն քվեարկություն է եվրոյի գոտում Հունաստանի անդամակցության վերաբերյալ: Նա կոչ է արել հույներին մասնակցել քվեարկությանը:
«Գրեք «Այո», որպեսզի մնաք եվրոգոտում»,- Guardian-ը մեջբերում է Ժան-Կլոդ Յունկերի խոսքերը:
«Ես դիմում եմ հույն ժողովրդին՝ մի´ գործեք ինքնասպանություն այն բանի պատճառով, որ վախենում եք մահից»,-հայտարարել է նա:
Նա ընդգծել է, որ Հունաստանի հետ համաձայնության գալու հնարավորություն դեռ մնում է, թեև ժամանակ դրա համար շատ քիչ է մնացել: