ՌԴ ԱԳՆ-ն հանգստացրել է նրանց, ովքեր փորձում են «մայդան» նշմարել Երևանում. REGNUM
ՌԴ ԱԳՆ-ն հանգստացրել է որոշ ռուսական լրատվամիջոցների, որոնք Երևանում բողոքի ակցիաների սկզբից փորձել էին դրանցում տեսնել ինչ-որ քաղաքական բողոք, «մայդան», գրում է REGNUM-ը:
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, այսօր մեկնաբանելով Հայաստանում իրավիճակը, ասել է, որ հայտարարություններն այն մասին, որ ստեղծված իրավիճակը հարուցվել է դրսի միջամտությամբ, դեռ «հարկավոր է ապացուցել»:
Կարասինն ասել էր, որ Ռուսաստանը սպասում է, որ իրավիճակը կլուծվի հօգուտ երկու կողմերի՝ իշխանության ու ցուցարարների: «Սպասում ենք նորությունների Երևանից»,-ասել էր Կարասինը:
Հայ հասարակության զայրույթը հարուցել էին «Ռոսիա-24», РЕН ТВ հեռուստաալիքների, «Վեստի» ծրագրի՝ Երևանից արված ռեպորտաժները, որտեղ ասվում էր, որ Երևանում ու Հայաստանի մյուս քաղաքներում բողոքի ակցիաները դրսի արդյունք են ու դրանց համար վճարվել է:
Նման վերլուծությունը այնքան էր զայրացրել ցուցարարներին, որ երեկ նրանք կազմակերպել էին ոչ մեծ ֆլեշմոբ ընդդեմ որոշ ռուսական լրատվամիջոցների մատուցած կեղծ տեղեկատվության: