Ո՞վ է վախեցրել Ոսկու շուկայի աշխատակիցներին
Երևանի Ոսկու շուկայում առևտուր իրականացնող մարդիկ վախենում են խոսել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով:
168.am-ի հետ զրույցում Ոսկու շուկայի շատ աշխատակիցներ, չցանկանալով խոսել հուլիսի 1-ից նախատեսվող փոփոխության մասին, նշում էին, որ իրենց վախեցրել են, ու խորհուրդ էին տալիս ոչ մեկին շուկայում չմոտենալ, քանի որ շուկայում տիրում է վախի մթնոլորտ: Նրանցից ոմանք անգամ ասում էին, որ իրենցից շատերին երեկոյան տանից դուրս են բերել ու ծեծել. «Այդքանից հետո էլ ո՞վ կխոսի»:
Մեր հարցին, թե ովքե՞ր են իրենց վախեցրել, շուկայի աշխատակիցները չէին պատասխանում: Հիշեցնենք, որ որպես արտոնագրային վճարի չափ՝ մայրաքաղաքի շուկաների համար սահմանվել է առավելագույնը 35 հազար դրամ, մարզկենտրոնների համար՝ 25 հազար, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ:
Մեր այցելության պահին Ոսկու շուկայի աշխատակիցներից միայն 2-ը համաձայնեցին խոսել տեսախցիկի առաջ՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչու իրենց գործընկերները չեն խոսում այս հարցի շուրջ: Մեր հարցին, թե արդյոք իրենց վախեցրե՞լ են, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ ոչ ոք իրենց չի վախեցրել: Նրանք նշում էին, որ այս արտոնագրային վճարը ոչ մեկին ձեռնտու չէ, ու իրենք պատրաստ են անգամ բողոքի ցույցի դուրս գալ:
«35 հազարն ընդհանրապես նպատակահարմար չէ, քանի որ հիմա մեր ամբողջ երկիրը գտնվում է ֆինանսապես ծանր ճգնաժամային իրավիճակի մեջ: Շրջեք ամբողջ շուկայում, տեսեք, որ հաճախորդներ գրեթե չկան: 55 սանտիմետրանոց սեղանի համար 35 հազար հաստատագրված հարկ վճարելը բավականին ծանր գործընթաց է, մեծ գումար է ներկայիս պայմանների համար: Եթե այդ որոշումը կայացվի, կարծում եմ՝ բավականին տաղավարներ կփակվեն, հատկապես՝ մանրերը»,- ասաց Ոսկու շուկայի մի աշխատակցուհի:
Հարցին՝ դուք նախընտրում եք շրջանառության հարկո՞վ աշխատել, թե՞ արտոնագրային վճարով, շուկայի աշխատակցուհին պատասխանեց, որ ինքը հաստատագրված հարկին դեմ չէ, այն ներկա պահին ավելի ճիշտ է, քան շրջանառության հարկը, սակայն, ըստ նրա՝ հաստատագրված հարկ սահմանելու դեպքում՝ պետք է ճիշտ գումարի չափ որոշվի:
Մեզ հետ զրույցում շուկայի մի աշխատակից էլ ասաց, որ այս արտոնագրային հարկի ներդրման արդյունքում՝ հնարավոր է՝ շատ տաղավարներ փակվեն, ու, ըստ նրա՝ այդ գործընթացն արդեն սկսվել է: Նա ասաց նաև, որ իրենք պատրաստ են անգամ բողոքի ակցիաներ կազմակերպել, քանի որ սա ոչ մեկին ձեռնտու չէ: Ըստ մեր զրուցակցի՝ շուկայի մեծամասնությունն է այդ կարծիքին:
Մանրամասները՝ 168.am–ի տեսանյութում: