Բաժիններ՝

«Ես հասկացա, որ Դուք «լիչնայա նեպրիայազն» ունեք ռուսական կապիտալի նկատմամբ». Շարմազանովը՝ Փոստանջյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ շարունակվում է «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագծի քննարկումը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հատարարեց, որ իրեն տրամադրել են տեղեկանք, ըստ որի՝ «Ալյոտիգ» ընկերությունը էական չափի ծախսեր է արել ուսումնասիրությունների համար, ֆինանսավորող ռուսական «Վի-էս-ի-այ» ընկերությունը հանքարդյունաբերությամբ կամ գիտությամբ չի զբաղվում, անշարժ գույքի շուկայում է գործում, ЦСК ֆուտբոլային ակումբ տերն է:

Ըստ Փոստանջյանի՝ սա պետք է մտահոգեր կառավարությանը, քանի որ «իրենց մտադրությունները մեր շահերի հետ կապ չունեն»: Պատգամավորի խոսքով՝ պոչամբարների վերամշակման տեխնոլոգիան, այդ «նոու հաու արտադրական գաղտնիքը փորձաքննություն չի անցել», որպես մտավոր սեփականություն գրանցված չէ:

Նա հայտարարեց, որ տեղեկանքում ասվում է, թե կազմակերպությունը մի քանի միլիոնի ծախս է արել, բայց նման ծավալի շրջանառություն չունի և հաշվեկշռում չի երևում: Պատգամավորին տրամադրել են այն մարդկանց անունները, որոնք ներգրավված են նախագծում՝ տնտեսագետ Վարդան Շահնազարյան, օգտակար հանածոների հարստացման մասնագետ Մանվել Ոսկանյան, իրավաբան Արմեն Տեր-Տաճատյան և Ահարոն Չիլինգարյան, որոնք ոչ մի կապ չունեն գիտության հետ:

Կարդացեք նաև

Զ.Փոստանջյանը նշեց, որ պոչամբարի մշակումից առաջանալու են արգասիքներ, որոնք վերամշակվելու են ֆրիտաների տեսքով, նոր պոչամբարներ չեն ստեղծվելու, բայց հայտնի չէ, թե այդ ֆրիտաները որտեղ են պահվելու: Նա անընդունելի համարեց 500 հազար հեկտար հողի հատկացումը, նաև երկու կոնսերվացված պոչամբարի ու ներկայումս գրեթե լցված Արծվանիկի պոչամբարի հատկացումը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում մենաշնորհ է տրվում ինչ-որ մի կազմակերպության, որն ունի ռուսական ծագումով կապիտալ ու պարզ չէ, թե բաժնետերերն ովքեր են. «Նաև պարզվում է, որ այս բաժնետերերի անուններն առնչվում են հանցագործությունների ու սպանությունների հետ: Ու այսպիսի ընկերությանը, որը կապ չունի գիտության հետ, տրամադրում եք այսպիսի մենաշնորհ: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի»:

Զ.Փոստանջյանը հորդորեց ՀՀ կառավարությանը հետ տանել օրինագիծը և լուրջ մոտենալ պետական կառույցներին ու ինստիտուտներին: Նա նաև ամոթանք տվեց այն ընդդիմադիրներին, ովքեր նախորդ քննարկման ժամանակ դեմ էին արտահայտվել նախագծին, բայց կողմ էին քվեարկել:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Փոստանջյանի խոսքի վերջին հատվածն իրեն հիշեցրեց Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմը. «Ես հասկացա, որ Դուք «լիչնայա նեպրիայազն» ունեք ռուսական կապիտալի և այն ամենի հետ ինչ-որ դրա հետ ա կապված»: Շարմազանովը նաև նշեց, որ ֆուտբոլային ակումբի սեփականատերը պարտադիր չի միայն դրանով զբաղվի, օրինակ՝ Սիլվիո Բեռլուսկոնին մեդիամագնատ է և «Միլանի» սեփականատերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս