Վրաստանի նախագահը համաներում է շնորհել ջրհեղեղից տուժած բազմազավակ ընտանիքի հորը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղից տուժած բազմազավակ ընտանիքի հորը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին:
Տեղեկությունը հաստատել են Վրաստանի պատժի իրականացման նախարարությունում։ Գերատեսչությունը նման խնդրանքով դիմել էր Վրատանի նախագահին դեռ երեքշաբթի օրը՝ խնդրելով տղամարդուն համաներել:
Ավելի վաղ նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի որոշմամբ՝ բանտարկյալին հնարավորություն էր ընձեռվել հանդիպել իր ընտանիքի հետ: Վրացի նախարարը անձամբ էր տղամարդուն տարել հարազատներին տեսնելու, տանտիրուհուն հանձնել էր նաև իր աշխատավարձով ծրարն ու խոստացել միջնորդել Վրաստանի նախագահին, որ ընտանիքի հայրը ազատ արձակվի:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, տղամարդն արդեն ազատ է արձակվել: