«Եթե Բաքուն դառնա Մոսկվայի արբանյակը, ապա Մոսկվան ԼՂ-ն ափսեի վրա կմատուցի Ադրբեջանին»

Հարցազրույց ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլի հետ

– Դուք բազմիցս եք անդրադարձել ԼՂ հակամարտության գոտում տիրող լարվածությանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում նոր փուլ է թևակոխել, թեև կարևոր է հասկանալ նաև, որ վերջին երկու տարվա ընթացքում միջազգային և տարածաշրջանային զարգացումները կտրուկ փոփոխություններ են բերել աշխարհի կառուցվածքում, քան 1994թ., երբ հաստատվեց հրադադարի ռեժիմը։ Ըստ Ձեզ, այսօր ի՞նչ գործոններ են ուղիղ կերպով անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկայի վրա։

– Ցավոք սրտի, շատ են կողմերը, մարդիկ, ովքեր շահում են հակամարտության գոտում լարվածության աճից, և շատ քիչ` այնպիսիք, որոնք պատրաստ են գործել։ Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են լարվածության մակարդակը բարձր պահելու հարցում, սակայն, կան նաև գործիչներ, որոնք հետաքրքրված են այս հարցում և՛ Երևանում, և՛ Բաքվում, քանի որ լարվածության բարձր մակարդակը հայերին և ադրբեջանցիներին ստիպում է արհամարհել կամ գոնե չստիպել իշխանություններին լուծել տեղական խնդիրները։

Այսինքն` լարվածության պատճառներն ունեն և արտաքին, և ներքին բաղադրիչ։ Հավատում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել կարգավորման, եթե արտաքին ուժերը, ինչպես Մոսկվան է, անհանգստություն չպատճառեն։ Բայց ես վախենում եմ, որ կողմերը չկարողանան հասնել կարգավորման քանի դեռ դրսի ուժերը խնդիրներ են առաջացնում, ուստի պարբերական լարվածության բռնկումները և բռնությունը կշարունակվեն։

– Այս օրերին Ադրբեջանը զբաղված է Եվրոպական խաղերով, որոշ փորձագետների պնդմամբ, դրանով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում պայմանական խաղաղությունը։ Բայց նույն փորձագետները պնդում են, որ Ադրբեջանը չի վարանի պատերազմ սկսել Հայաստանի դեմ` հաշվի առնելով այն, որ ՌԴ-ն ու Արևմուտքը զբաղված են իրենց հարաբերություններում առաջացած ճգնաժամով։ Կան փորձագետներ, այդ թվում` Դուք, փոքր-ինչ այլ երանգավորումներով, մեղադրելով ՌԴ-ին ԼՂ հակամարտության չկարգավորման համար, պնդում են, որ հակամարտությունը թեժ պահելով` ՌԴ-ն իր ազդեցությունն է հաստատում այլ տարածաշրջանում։ Չէ՞ որ այս օրերին սրվել է իրավիճակը նաև Մերձդնեստրում։ Սակայն, խոսելով պատերազմի սպառնալիքից, պետք է հասկանալ` Ռուսաստանին ձեռնտո՞ւ է արդյոք պատերազմը ԼՂ հակամարտության գոտում։

– Ողջ պատասխանատվությունը չէի փորձի դնել Մոսկվայի վրա։ Պարզապես ես իմ վերլուծություններում նկատի ունեմ այն, որ Մոսկվան բացասական դերակատարություն է ունենում հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ Ինչ վերաբերում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին, ապա ես չեմ սպասում, որ Բաքուն նախաձեռնի խոշորածավալ գրոհ առաջիկայում, ինչպես և չեմ մտածում, որ նման բան անի Հայաստանը։ Ոչ մի կողմ չի կարողանա հաղթել այս պատերազմում այնպես, որ մեծ կորուստներ չունենա երկրի ներսում և միջազգային ասպարեզում։ Հաշվի առնելով խնդիրներն Ուկրաինայում, Մոսկվան ևս չի ցանկանում պայթյուն, Մոսկվան պարզապես ցանկանում է կաթսան եռացող վիճակում պահել, ինչպես նախկինում։ Ահա և ողջ պատմությունը։

– Օրերս Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ Իվիցա Դաչիչն ասաց. «Մինսկի խմբի համանախագահների կազմի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանն ինչ-ինչ մոտեցումներ ունի, որոնք ներկայացվել են ինձ։ Նոր առաջարկ չէ, բայց նման առաջարկի համար պետք է կոնսենսուս լինի։ Մինսկի խումբը պետք է աշխատի իր ձևաչափով»։ Սակայն այս առաջարկի անիմաստության վերաբերյալ օրերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հստակ գնահատականներ տվեց. «Խնդիրը ոչ թե բանակցային ձևաչափը, այլ քաղաքական կամքի բացակայությունն է»։ Ինչո՞ւ է Ադրբեջանն այդչափ հետաքրքրված բանակցային ձևաչափի ընդլայնմամբ, երբ ներկայումս ևս կարող են բանակցություններ ընթանալ։

– Ես լիովին հասկանում եմ, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում տեսնել ԵԱՀԿ ՄԽ կառուցվածքի փոփոխություն. քանի դեռ Մոսկվան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, չի լինի որևէ առաջընթաց դեպի ԼՂ հակամարտության կարգավորում։ Հստակորեն, թե ով կլինի այդ նորացված խմբում, այնուամենայնիվ, հարցական է։ Ադրբեջանը կցանկանար միացնել Թուրքիային, սակայն Հայաստանը դա երբեք չէր ընդունի։

– Այդ դեպքում ո՞րն է ելքը։ Ներկայիս փակուղին հաղթահարելու ելք պետք է գտնել, քանի որ, եթե Ադրբեջանը դժգոհ է բանակցային ձևաչափից, սահմանին տիրող լարվածությունը շարունակվելու է։

– Ինձ թվում է` ավելի ճիշտ կլիներ մտածել այն հիմնական սկզբունքների մասին, որոնցով առաջնորդվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քան սկսել մտածել, թե ինչպես փոխել խմբի կառուցվածքը։

– Ե՛վ Բաքուն, և՛ Մոսկվան սրել են իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ, ավելին` այս երկու երկրները սկսել են մերձենալ` կարծես հայտնվելով միևնույն նավակում։ Ինչպե՞ս սա կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա։

– Կներեք, բայց ընդհանուր առմամբ չեմ համաձայնի այս մեկնաբանության հետ։ Այո, Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածության մակարդակը շատ բարձր է, կան խնդիրներ նաև Արևմուտքի և Բաքվի հարաբերություններում։ Բայց և կարևոր է, որ Արևմուտքը չի իրականացրել քայլեր, որոնք միտումնավոր կսրեին իրավիճակը, արևմտյան կառավարությունները մեծ քննադատությունների են արժանացել նաև սեփական հասարակությունների և իրավունքի կազմակերպությունների կողմից Բաքվին իր իսկ քաղաքացիների նկատմամբ տարվող քաղաքականությունը քննադատելու հարցում ցուցաբերած թուլության համար։ Ես չեմ կարծում, որ այս ամենը կարող է դրամատիկ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա` բացառությամբ մեկ զարգացման. եթե Բաքուն ցանկանա դառնալ Մոսկվայի արբանյակը, ապա ես արդեն դժվար եմ սկսում պատկերացնել, բայց Մոսկվան կցանկանա մատուցել Երևանին և ափսեի վրա հանձնել օկուպացված տարածքներն Ադրբեջանին։

– Պարոն Գոբլ, Քի Ուեսթի գագաթաժողովում ևս այս հարցը քննարկվել է, ու այն հիմա արդիական է, ինչպես երբևէ, քանի որ Իրանն ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կձերբազատվի արևմտյան պատժամիջոցներից և կստանձնի տարածաշրջանային իր նոր դերը, երբ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մի քանի անգամ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Ինչպիսի՞ն կլինի Իրանի նոր դերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

– Իրանցի պաշտոնյաները շատ հայտարարություններով են հանդես գալիս։ Նրանք հստակորեն ունեն իրենց շահերը։ Բայց ես չեմ կարծում, որ Իրանը մոտ ապագայում կարող է դրական դերակատարություն ստանձնել այս գործընթացում։ Նրանք, գուցե, բացասական դերակատարություն ունենան հակամարտության կարգավորման գործընթացում, որպես տարածաշրջանում և դրանից դուրս նրանց ներկայությունը շեշտելու միջոց։

– Հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև տարածաշրջանում ՌԴ-Արևմուտք ներկայության անհավասարակշռությամբ, իսկ հավասարակշռությունը վերականգնելու համար, ըստ որոշ փորձագետների, անհրաժեշտ է Արևմուտքի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, անվտանգության ոլորտում ներկայությունը։ Ի՞նչը կարող է առաջացնել Արևմուտքի հետաքրքրությունը։

– Ես վստահ եմ, որ Արևմուտքը դա կաներ, ընդհուպ անվտանգության երաշխիքներ կտրամադրեր Հայաստանին, եթե Երևանը ցանկանար Ադրբեջանին վերադարձնել օկուպացված տարածքները և դադարեր Կովկասում Մոսկվայի գործակալը լինելու դերը խաղալուց։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Հայաստանը կարող է քայլեր նախաձեռնել այս ուղղությամբ և դրանով իսկ ստանալ որոշակի երաշխիքներ։ Բայց պարզ չէ, թե Երևանում և Արևմուտքում կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր պատրաստ են և կարող են նման գործարք իրականացնել։ Խիստ կասկածում եմ այս հարցում։

Տեսանյութեր

Լրահոս