«Մենք պիտի քրտնենք, աշխատենք, նվաճենք էդ շուկաները». Շարմազանով

«Հարցը, որ քննարկում ենք, շատ պարզ է և հստակ՝ ՀՀ ԱԺ-ն կո՞ղմ է Ղրղզստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, թե՞ չէ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու արձանագրությունների քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ՀՀ ու ԵՏՄ մյուս անդամների առաջնորդներն իրենց կարծիքը հայտնել են այս հարցի կապակցությամբ, ՀՀ-ն բազմիցս նշել է, որ պետք է խորացնի իր համագործակցությունը ԵՏՄ շրջանակներում: Շարմազանովի խոսքով՝ տնտեսական առումով ՀՀ-ի համար շահեկան է 6 մլն-անոց ղրղզական շուկան. «Մենք դա մինչև օրս լավ ենք օգտագործել, վատ ենք օգտագործել, դա հարցի մի կողմն է, բայց հիմա հարցը դրված է այսպես՝ կո՞ղմ ենք, թե՞ դեմ ենք, որ Ղրղզստանը մտնի ԵՏՄ, դա մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»:

Ըստ նրա՝ ՀՀ-ն 6 մլն-անոց շուկայում ունի շատ մեծ անելիք և մեծ աշխատանք է պետք, որ հայկական արտադրանքը պահանջված լինի այդ շուկայում: Շարմազանովը նշեց, թե իր համար դեժավյու էր և ԱԺ ամբիոնից մարդիկ նորից մեկ անգամ ներկայացրին իրենց կարծիքը ԵՏՄ-ի վերաբերյալ:

Շարմազանովի տեսակետով՝ անցած ժամանակահատվատծը բավարար էր, որ գիտակցեին՝ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին դրական էր, արդարացված էր և ՀՀ-ն անելիք ունի ԵՏՄ-ում, ՀՀ-ն իր ճանապարհը չի փոխել ու որևէ ուղուց չի շեղվել ու միշտ նշել է, որ պատրաստ է իր հարաբերությունները խորացնել իր ռազմավարական գործընկերոջ ու ԵՏՄ անդամների հետ և միևնույն ժամանակ եվոպական կառույցների հետ շարունակի երկխոսությունը:

Կարդացեք նաև

Շարմազանովի խոսքով՝ սեպտեմբերի 3-ին ՀՀ-ն այլ բան չի ասել ու Վիլնյուսում էլ, Ռիգայում էլ նույն բանն է ասել՝ պետք է ուղիներ գտնել երկու ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ թե՛ մեր տարածաշրջանը, թե՛ ԵՏՄ և թե՛ եվրոպական տարածաշրջանները շատ լուրջ մարտահրավերների առաջ են ու դա չի կարող չազդել ՀՀ վրա:

Նա պնդեց, թե շատ ճիշտ ենք արել, որ մտել ենք ԵՏՄ ու ստացած գոմարները համեմատելի չեն. «Պետք է աշխատենք: Եթե ձեզ թվում է, որ պետք է նստենք թախտին, սպասենք բախտին, տենց չի լինում: Որևէ մեկը մեր տեղը չի աշխատելու: Մենք պիտի քրտնենք, աշխատենք, նվաճենք էդ շուկաները»: Նա չհամաձայնեց որոշ պատգամավորների տեսակետին, թե ՀՀ վիճակն ավելի լավը կլիներ, եթե ՀՀ-ն չմտներ ԵՏՄ և կոչ արեց իրատեսության:

«Այս ընթացքը, ժամանակահատվածը ապացուցեց մեկ բան՝ ՀՀ-ի, ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ-ի որոշումը՝ միանալ ԵՏՄ-ին, արդարացված էր և ժամանակը ցույց տվեց, որ իրականացվել էր ճիշտ ժամանակին և ճիշտ պահին: Երկրորդ՝ Հայաստանն այլընտրանք չունի իրականացնելու ակտիվ նաև տնտեսական քաղաքականություն: Եվ երրորդ՝ ի վերջո, Ղրղզստանի Հանրապետության մուտքը ԵՏՄ մեր արտադրողի համար, մեր պետության համար լրացուցիչ 6 մլն-անոց շուկա է, որտեղ լավ աշխատանքի դեպքում կարող է բերել լուրջ դրական ազդեցություն ՀՀ համար: Իսկ բոլոր հեքիաթները, խնդրում եմ, ժամը տասից հետո պատմեք երեխաներին, և ոչ թե այստեղ՝ Ազգային ժողովում»,- ասաց Է.Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս