Ադրբեջանում 10 ամիս կալանքի տակ գտնվող լրագրող, իրավապաշտպան Էմին Հուսեյնովին թույլատրել են հեռանալ Շվեյցարիա
Այս գիշեր լրագրող, իրավապաշտպան Էմին Հուսեյնովին թույլատրել են լքել Բաքվում Շվեյցարիայի դեսպանությունն ու հեռանալ Ադրբեջանից: Ինչպես հայտնել է շվեյցարական Zurder Zeitung թերթը, հղում կատարելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին, Հուսեյնովը Բաքվից դուրս է եկել Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի ուղեկցությամբ:
Նույն աղբյուրի համաձայն՝ Բուրկհալտերը Բաքվում Եվրոպական խաղերի բացմանը ժամանել էր միայն այդ նախապայմանով:
Հիշեցնենք, որ Էմին Հուսեյնովը Շվեյցարիայի դեսպանությունում էր գտնվում 10 ամիս շարունակ այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները նրա դեմ քրեական գործ էին հարուցել ու ուզում էին կալանավորել:
Նրա ու տասնյակ այլ իրավապաշտպանների դեմ հարուցվել էր քրեական գործ խաբեության, հարկերից խուսափելու մեղադրանքով:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Հուսեյնովի ազատ արձակմանը նախորդել են բանակցություններ Ադրբեջանի իշխանությունների հետ, ավելի ճիշտ՝ Բուրկհալտերը անձնապես է բանակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հուսեյնովը քաղաքացիական այն ակտիվիստների թվում էր, ում միջազգային կազմակերպությունները պահանջում էին ազատ արձակել Եվրոպական խաղերի նախօրեին: