Բաժիններ՝

Հայաստան-Պորտուգալիա. ժամանակն է հաղթելու

Հունիսի 13-ի երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի խմբային փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղը:
Ճիշտ է, մեր հավաքականը գրեթե չունի հնարավորություն դուրս գալու Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ, սակայն կան շատ հարցեր, որոնց կարող է պատասխանել այս խաղը:
Սկսենք սկզբից:

Բեռնարդ Շալանդի հրաժարականից հետո հայ ֆուտբոլային հասարակությունը սկսեց քննարկել նոր մարզչի հարցը: Եվ ահա, ապրիլի 28-ին պարզ դարձավ, որ հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը կստանձնի Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Երկրպագուների կարծիքները կիսվել էին, և ինչպես արդեն ներկայացրել ենք ձեզ, քննարկումները տարաբնույթ էին և հակասական:

Այսպիսով, Պորտուգալիայի հետ տնային հանդիպումը լավ առիթ կլինի՝ հասկանալու համար՝ արդյոք մարզչական կարիերայում սկսնակ Սարգիս Հովսեփյանը կբավարարի՞ երկրպագուների և Ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջները, թե՞ ոչ: Բոլոր հարցերի պատասխանները՝ Հովսեփյանի դեբյուտային խաղից հետո:

Եվրո-2016-ի ընտրական փուլի գրեթե բոլոր հանդիպումներից առաջ Հայաստանի ազգային հավաքականը բախվել է լուրջ կադրային խնդիրների, ինչը, բնականաբար, չէր կարող հետք չթողնել հավաքականի գրանցած արդյունքների վրա: Բացառություն չէ նաև այս հանդիպումը: Յուրա Մովսիսյանը հրավիրվել էր հավաքականի ճամբար, բայց վնասվածքը խանգարեց նրան, և նա մեկնեց ԱՄՆ՝ հետազոտվելու:

Կարդացեք նաև

Հավաքական են հրավիրվել նաև Կառլեն Մկրտչյանը և Լևոն Հայրապետյանը, սակայն նրանք նույնպես վնասվածքների հետ կապված խնդիրներ ունեն, և նրանց մասնակցությունը խաղին հարցականի տակ է: Վնասվածքների և բացակա ֆուտբոլիստների ֆոնին բավականին ուրախալի է Արազ Օզբիլիզի վերադարձը: Մոսկվայի «Սպարտակի» վերջին խաղում Արազը փոխարինվեց՝ խաղադաշտում անցկացնելով 20 րոպե:

Այս 20 րոպեների ընթացքում Արազը հասցրեց մի քանի անգամ ցուցադրել իր հայտնի դրիբլինգը: Հայաստանի հավաքականում քիչ են ֆուտբոլիստները, ովքեր վճռորոշ պահերին կարողանում են խաղը վերցնել իրենց վրա, կամ էլ դարպասապահի առաջ մեն-մենակ մնալով՝ համարձակվում են հարվածել: Այս համատեքստում Արազը, իրավամբ, շատ կարևոր է մեր թիմի համար:

Հավաքականի համար առանցքային նշանակություն ունի նաև առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղային կայունությունը, որը նա ցուցադրում է «Բորուսիայի» կազմում անցկացրած վերջին խաղերում: Գաղտնիք չէ, որ մեր հավաքականում շատ բան կախված է հենց Հենրիխի խաղից: Վատ մարզավիճակում չեն նաև Արթուր Սարկիսովը, Մարկոսը, Գևորգ Ղազարյանը:

Թե՛ երկրպագուների, և թե՛ մասնագետների համար զարմանալի է, թե ինչո՞ւ հավաքական չի հրավիրվել Արթուր Եդիգարյանը: Այն էլ այս շրջանում, երբ Արթուրը հրաշալի է իրեն դրսևորում իր ակումբի կազմում: Եդիգարյանի դիրքում Սարգիս Հովեփյանը մեծ ընտրություն չունի, և, հետևաբար, չի կարելի ասել, որ Եդիգարյանը հայտացուցակից դուրս է մնացել մրցակցության պատճառով:

Մի փոքր՝ վիճակագրության մասին: Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի ընտրանու հետ անցկացրել է 5 հանդիպում, որոնցից 3-ում պարտվել է, իսկ 2-ում գրանցվել է ոչ-ոքի արդյունքը: Ժամանակն է հաղթելու:

Մեր երկրպագուներն անելու են ամեն բան, որ մինչ խաղի վերջին վայրկյանը հավաքականի տղաները զգան իրենց աջակցությունը: Խաղից 2 օր առաջ արդեն սպառված են բոլոր տոմսերը: Նախատեսվում է, որ խաղից առաջ կազմակերպվող միասինական երթը կլինի աննախադեպ մասնակիցների թվով: Այդպես, համենայն դեպս, վկայում է երթին մասնակցություն ունենալու ցանկություն հայտնողների թիվը:

168.am-ը մեր հավաքականին հաջողություն և հաղթանակ է մաղթում:

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս