«Ես սխալ ախտորոշում չեմ դրել երեխային». կհրապարակվի մահացած 2.5-ամյա երեխայի գործով վճիռը
Հունիսի 15-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով դատավճիռը: Դատավոր Լևոն Ավետիսյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ:
Մինչ այդ, վերջին խոսքով հանդես եկան գործով ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը: Լիլիթ Վարդանյանն ասաց, որ իմաստ չի գտնում վերջին խոսք ասելու, քանի որ ընթացքում բոլորը տեսել են և բարձրաձայնվել են ապօրինի քայլերը:
«Անիմաստ է ինչ-որ բան ասելը: Ձեր որոշման վրա հաստատ չի ազդելու ու չեմ էլ ուզում որևէ կերպ ազդել Ձեր որոշման վրա»,- ասաց Լիլիթ Վարդանյանը: Անդրադառնալով իր կողմից դրված ախտորոշմանը, ամբաստանյալն ասաց.
«Աշխարհի երեսին չկա այդպիսի գրականություն, որով դուք կարող եք ապացուցել, որ ես սխալ ախտորոշում եմ դրել: Ցանկացած դեպքերում հիվանդությունների բարդություններ կարող են զարգանալ ու կարող են օրերի ընթացքում զարգանալ»:
Նա նշեց, որ ախտորոշումը դրվել է նախնական, այն դրվում է օբյեկտիվ տվյալների հիման վրա.
«Իսկ մնացած հետազոտությունների կարիք ու անհրաժեշություն… որևէ գրականություն աշխարհիս երեսին չկա, որ կարող է ապացուցել, որ ես ինչ-որ բան թերի եմ արել կամ սխալ եմ արել: Ամեն ինչ ճիշտ է արվել իմ կողմից: Ես որևէ բանում չեմ սխալվել, ես առաջին բուժօգնություն եմ ցույց տվել երեխային ու ստացել եմ դրական արդյունք»:
Լիլիթ Վարդանյանն ասաց, որ ինքը եղել է հետևողական և ամեն ինչ ճիշտ է արել:
Զարինե Այվազյանն էլ ասաց, որ ճառում ասել են ամեն ինչ, ամփոփվել է ամենը և ինքն ավելացնելու ոչինչ չունի: