«Մենք այլընտրանք չունենք». Վարդան Բոստանջյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին
«Էներգահամակարգը չափազանց բարդ ինժեներական համակարգ է, այն ամբողջ աշխարհում պահանջում է հետևողական արդիականացում, թարմացում ու շահագործման պայմանների բարելավում, ինչը տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյան:
Նրա խոսքով՝ պետությունը պարբերաբար պետբյուջեից գումար է փոխանցել այդ նպատակների համար, ինչը, սակայն, նպատակային չի օգտագործվել, որի հետևանքով էլ՝ հիմա այդ էլեկտրահամակարգերը գտնվում են այդքան վատ վիճակում:
«Ես՝ որպես ինժեներ, մտածում եմ, որ մենք այլընտրանք չունենք, պետք է համակարգն արդիականացնենք, բայց պետք է պատասխանատվության ինստիտուտներ սահմանվեն, թե ուր են այդ գումարները»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Դիտարկմանը, թե Ռոբերտ Նազարյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտում, որպես հիմնավորում, ներկայացված է, որ տարին սակավաջուր էր, միջուկային վառելիքի գների հետ է կապված, այսինքն՝ ինքը չընդգծեց, որ արդիկանացման հանգամանքն է սակագնի բարձրացման պատճառը, Վ. Բոստանջյանն այսպես արձագանքեց.
«Հա, միգուցե ես սխալվում եմ, եթե սկսում ես պատճառաբանություններ թվել, դրանք այնքան շատ են: Եվ մտածում եմ՝ Ռոբերտ Նազարյանը երևի թե կհոգներ՝ այդ բոլորն ասեր, մի քանիսն է ասել»: