Մերկելը թվարկել է համաշխարհային հանրության գլխավոր վտանգները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթաժողովի նախօրեին թվարկել է համաշխարհային հանրության համար գլխավոր վտանգները: Globe and Mail թերթում հրապարակված հոդվածում արծարծված հիմնական խնդիրները երկրների ու կառավարությունների ղեկավարները քննարկելու են Բավարիայում կայանալիք հանդիպման ընթացքում:
Նրա խոսքով՝ «Մեծ յոթնյակին» անհանգստացնում է ոչ միայն անդամ-երկրների բարգավաճումն ու տնտեսական կայունությունը, այլև այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, դեմոկրատիան ու մարդու իրավունքների վիճակին առնչվող հարցեր:
«Կարո՞ղ էինք մենք պատկերացնել, որ Սառը պատերազմի ավարտից 25 տարի անց Եվրոպայում իրավակարգը կխախտվեր Ղրիմի բռնակցմամբ» կամ որ Էբոլա վարակի տարածումը կարող է խոչընդոտել մի շարք աֆրիկյան երկրների զարգացումը, իսկ Մերձավոր արևելքում իսլամական ահաբեկչական կազմակերպությունը կփորձի խալիֆաթ հաստատել երկու պետության տարածքում»,- հայտարարել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը վստահություն է հայտնել, որ այն հարցերը, որոնք գտնվում են օրակարգում, «պահանջում են միջազգային հանրության պատասխանը»: «Այդուհանդերձ, G7 գագաթաժողովում կքննարկվեն նաև այնլ հարցեր, որոնք չեն վերաբերում ճգնաժամային դիվանագիտությանը»,- ասել է նա:
Մասնավորապես, հանդիպմանը նախատեսվում է քննարկել աշխարհում ստեղծված տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր:
«Մեր նպատակները ուղղված են մարդկանց կենսամակարդակը լավացնելուն: Դրան կարելի է հասնել միջազգային առևտրի զարգացմամբ, որը հենված կլինի սոցիալական ու բնապահպանական բարձր չափանիշների վրա, ինչպես նաև կներգրավի ավելի շատ ներդրումներ»,- հավելել է Մերկելը:
G7-ը տեղի կունենա Գերմանիայում՝ Բավարիայի Էլմաու դղյակում հունիսի 7-8ը: