Գյումրիում ոստիկանները քաղաքացիներին ապօրինի պահել են բաժնում
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական կործով վկա Արմենուհի Պ.-ն և կասկածյալ Լամարա Ա.-ն հարցաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 333րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար նախազգուշացվելուց հետո հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը՝ ժամը 03:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց պահել են ոստիկանության հիշյալ բաժնի շենքում, որի ընթացքում սպառնալիքների ազդեցությամբ ստիպել են գրել իրականությանը չհամապատասխանող բացատրություններ, իսկ Լամարա Ա.-ն նաև սուտ հաղորդում է տվել այն մասին, որ Արմենուհի Պ.-ի նորածին երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառել են քաղաքացի Կամո Կ.-ին:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: