Հայաստանի տնտեսության համար կարող է օգտակար լինել Մոլդավայի փորձը. Սերգեյ Գուրիև

«Հայաստանն իր տնտեսական խնդիրները և Ռուսաստանից տնտեսական կախվածությունը վերացնելու համար պետք է վերակողմնորոշվի դեպի Եվրոպա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս հեղինակավոր տնտեսագետ, Փարիզի Քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Գուրիևը` անդրադառնալով Ռուսաստանում տիրող տնտեսական ճգնաժամին և Հայաստանի նկատմամբ այդ ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու ուղիներին:

Գուրիևի խոսքով՝ կա մեկ պարզ եղանակ` Հայաստանը պետք է ավելի ակտիվ զարգացնի իր առևտրային և ներդրումային հարաբերությունները ոչ միայն՝ Եվրոպական միության երկրների, այլև այլ երկրների հետ, այդ թվում՝ Իրանի: «Այսպես թե այնպես, Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվելու են, և այս ուղղությունը Հայաստանի կողմից կարող է օգտագործվել օպտիմալ և շատ ձեռնտու կերպով: Պետք է առևտրային հարաբերություններ ունենալ ոչ միայն՝ Ռուսաստանի, այլև՝ մյուս բոլոր գործընկերների հետ հավասարապես: Հայաստանի տնտեսական լուրջ կախվածությունը Ռուսաստանից պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանում շատ են հայաստանցի աշխատանքային միգրանտները, որոնց փոխանցած գումարները ևս պակասել են կամ զրոյացել: Եվրոպայի հետ ինտեգրացիան նաև այս ոլորտում օգտակար կլինի Հայաստանի համար, քանի որ միգրանտները կախված չեն լինի միայն ռուսական տնտեսությունից: Այսինքն` Հայաստանը պետք է վերակողմնորոշվի դեպի Եվրոպա, և այդ հարցում Մոլդավայի փորձը Հայաստանի համար օգտակար կարող է լինել»,- նշեց Սերգեյ Գուրիևը:

Սերգեյ Գուրիևի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս