Բաժիններ՝

Բորիս Նեմցովի սպանության գործում ի հայտ է եկել «Մակարով» տիպի ատրճանակ

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի քննման ժամանակ ի հայտ է եկել ատրճանակ, որից հավանաբար կրակել են նրա վրա:

«Մակարով» տիպի ատրճանակը հայտնաբերվել է ընթացիկ տարվա մարտին «Սևեռ» հատուկ նշանակության գումարտակի նախկին մարտիկ Զաուր Դադաևի տանն իրականացված խուզարկության ժամանակ: Ընդգծվում է, որ Նեմցովը սպանվել է այդպիսի զենքով:

Կասկածյալի փաստաբանները թերթին հայտնել են, որ առգրավված ատրճանակի համար արդեն իսկ նշանակվել են բալիստիկ, ինչպես նաև մի շարք այլ փորձաքննություններ:

Ավելի վաղ քննիչները չէին բացառել, որ Նեմցովի մարդասպանը կարող էր ատրճանակը նետած լինել Մոսկվա գետը, որի հարևանությամբ իրականացվել է սպանությունը:

Սակայն ջրասուզակների օգնությամբ մի քանի շաբաթ տևած որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք: Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս