«Թող ինքն էլ ներկա լինի». Փայլակ Հայրապետյանը՝ Տիգրան Սարգսյանի հայցի մասին
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայց է ներկայացրել գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ: Datalex դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ Տիգրան Սարգսյանը պահանջում է հերքել իր կարծիքով՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները և 1 մլն դրամ բռնագանձել:
Փայլակ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գտնվում էր արտասահմանում, օրերս է վերադարձել Հայաստան և տեղեկացել ներկայացված հայցադիմումի մասին: Ներկայացնելով գործի պատմությունը՝ Փայլակ Հայրապետյանն ասաց, որ չի զրպարտել Տիգրան Սարգսյանին, հիմնվել է փաստաթղթերի վրա:
«Ես ինչի՞ համար պիտի զրպարտեի: Ես ինչ ասել եմ՝ փաստաթղթերի հիման վրա եմ ասել,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ փաստաթուղթն ի հայտ է եկել լրագրողների միջոցով,- Ես այդ բանն իմացել եմ այն ժամանակ, երբ լրագրող Բաղդասարյան Էդիկը հրապարակեց, թե օֆշորային գոտում գումարները որ ձեռնարկություններում են»:
Նա նշեց, որ այս գործին ներկա կլինեն ինքը և իր փաստաբանը.
«Թող ինքը՝ Տիգրան Սարգսյանն էլ ներկա լինի: Ես կուզենամ ներկա լինեմ: Կուզենամ՝ լրագրողները մասնակցեն այդ դատավարությանը, որ տեսնեն՝ ոնց է եղել, ինչպես է եղել, որ ճանապարհներով են գնացել գումարները, ինչի համար են գնացել»:
Նշենք, որ հայցադիմումը ներկայացվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ապրիլի 30-ին դատավոր Զարուհի Նախշքարյանը գործն ընդունել է վարույթ, նախնական դատական նիստ է նշանակվել հունիսի 9-ին: Գործով երրորդ անձ է ճանաչվել Գագիկ Շամշյանը: