Իրանում կազմակերպվել է «Իսլամական պետության» ծաղրանկարների միջազգային մրցույթ
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Իրանում հայտարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ծաղրանկարների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար ծաղրանկարիչներ ու մուլտիպլիկատորներ են հրավիրվել համայն աշխարհից:
Նրանց լավագույն աշխատանքները կցուցադրվեն Թեհրանի չորս մշակութային կենտրոններում: Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 31-ին: Մրցույթի հիմնական թեման ԻՊ-ի զինյալների գործած հանցանքներն են:
Ներկայումս կազմակերպիչներն արդեն իսկ ստացել են ավելի քան 800 աշխատանքներ, որոնցից հավանության է արժանացել 280-ը: Նրանց աշխարհագրությունն իրենում ներառում է 40 երկիր, այդ թվում՝ նաև Բրազիլիան, Ավստրալիան ու Ինդոնեզիան: Նախաձեռնությունը ֆինանսավորում են Թեհրանի քաղաքային իշխանությունները: