Բաժիններ՝

«Դատարաններում կատարվեց բռնապետ իշխանության պատվերը»

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով բողոքները:

Այս գործով դատապարտված Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո ակնհայտ է դարձել, որ որպես այդպիսին` դատարանը որևէ քայլ չի ձեռնարկել բողոքում նշված հանգամանքներն օբյեկտիվորեն քննության առարկա դարձնելու համար. «Մյուս կողմից էլ` մեզ համար շատ կանխատեսելի էր, որ Վճռաբեկը չի կարող բողոքը վարույթ ընդունել և այն բավարարելու մասին որոշում կայացնել, քանի որ, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, սա քաղաքական հնչեղություն ունեցող գործ է, պաշտպանյալները՝ որպես այդպիսին, փաստացի քաղբանտարկյալներ են, և նման պարագայում դատարանները չեն կարող արդար դատական ակտ կայացնել:

Այսինքն՝ մեզ համար լիովին կանխատեսելի էր դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»: Փաստաբանն ասաց, որ այսպիսի զարգացումներն իրենց համար կանխատեսելի էին. «Մենք այն ժամանակ արդեն իսկ որոշել էինք Եվրոպական դատարան դիմել: Ուղղակի ժամանակի հարց էր, պետք էր սպառել արդյունավետ պաշտպանության բոլոր միջոցները, նոր դիմել Եվրոպական դատարան»: Արա Զաքարյանն ասաց, որ այս գործով խախտումները բազմաթիվ են՝ արդար դատաքննության իրավունքի, անմեղության կանխավարկածի խախտում, և այլն. «Որպես այդպիսին՝ մենք ունենք բոլոր հիմքերը Եվրոպական դատարան դիմելու համար»:

Խոսելով Վճռաբեկ դատարանի որոշման մասին՝ այս գործով դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տղաների ձերբակալման առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ դա կազմակերպված սադրանք էր իշխանությունների կողմից.

Կարդացեք նաև

«Առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում կատարվեց բռնապետ իշխանության պատվերը՝ չեզոքացնել բռնապետության դեմ պայքարող հայրենասեր քաղաքացիներին:

Եվ քանի որ մեր երկրում բռնապետություն է իշխում, արդարություն ակնկալելն անիմաստ է: Մեզ համար շատ ցավալի է, որ մենք պետք է արդարություն փնտրենք մեր երկրից դուրս՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ մեր երկրում արդարությունն արդարների, երկրի ցավով ապրողների և պայքարողների համար չէ: Այն, ինչ կատարվեց հայրենասեր տղաների հետ, պաշտոնական դիրքի չարաշահում է և քրեորեն դատապարտելի է:

Այսինքն՝ ՀՀ նախագահը չարաշահեց իր պաշտոնը՝ նախօրոք հայտարարելով, թե տղաները մեղավոր են: Իսկ դատավորները ենթարկվեցին այդ հայտարարությանը և որոշումներ ընդունեցին: Ովքե՞ր են դատավորները՝ նշանակված խամաճիկներ, որոնք կթեքվեն այն կողմ, ուր քաշեն թելերը: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Մենք ոչ մի ակնկալիք չունեինք: Պարզապես, կրկնում եմ, մենք ցավ ենք ապրում, որ մենք արդարություն պետք է փնտրենք մեր երկրից դուրս»: Լաուրա Պետրոսյանն ասաց, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ինչի՞ համար տղաները պետք է դատապարտվեին այդքան երկար տարիների ազատազրկման: Իմ որդին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Ի՞նչ էր նա արել՝ բացի նրանից, որ ծառայել էր իր երկրին, մտածել էր երկրի մասին»,- ասաց Լաուրա Պետրոսյանը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անեն՝ Հայաստանից դուրս արդարության հասնելու համար: «Ներողություն արտահայությանս համար, մեր իշխանությունն արդեն ժողովրդի, ազատամարտիկների վրա թքած ունի»,- ասաց նա:

Հայկ Հարությունյանի մայրն ասաց, որ որդին չի բողոքում իր վիճակից, որովհետև գիտի, թե ինչի է գնացել. «Իմ տղան խուլիգան չէ: Մեր տարածքում բոլորը զարմանում են, որ Հայկին կարող են խուլիգանության մեջ մեղադրել: Ես երեկ հաղորդում էի նայում այն մասին, որ ոստիկանները Հյուսիսային պողոտայից հանում էին երիտասարդներին: Տղաներից մեկն ասաց` եկեք գնանք, թե չէ մեզ կկպցնեն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը: Այսինքն՝ ժողովուրդն արդեն գիտի այդ հոդվածը, գիտի, որ, եթե դու մի բան ասես, ոստիկանը կարող է սադրել քեզ, և մեղադրեն քեզ»:

Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտ Ստեփանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վճռաբեկ դատարանի այս որոշումն անակնկալ չէր իրենց համար. «Սպասում էինք ամեն դեպքում, որովհետև, բնականաբար, դատական համակարգն ինքն իր դեմ չէր գնալու»: Նա նշեց, որ կարծում է՝ իրավապաշտպանները, փաստաբաններն այն կարծիքին էին, որ գործը պետք է լուծում ստանա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. «Եվ հիմա, վճռաբեկի այս քայլից հետո, կարծում եմ՝ արդեն շատ ավելի լուրջ պատրաստվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար»: Նա նշեց, որ վճռաբեկ դատարանի որոշումից հետո ամուսնուն չի տեսակցել, սակայն կարծում է, որ նա էլ նույն կարծիքին է, որ այսպես էլ պետք է լիներ. «Ամեն դեպքում տղաները մեր դատարաններից՝ ոչ վերաքննիչից, ոչ վճռաբեկից, որևէ դրական բան իրենց նկատմամբ չէին սպասում»: Նա նշեց նաև, որ որոշումից հետո Լիպարիտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել, և լավ կլիներ, որ դիտորդական խմբերը, կազմակերպություններն այցելեն նրան: Մարգարիտ Ստեփանյանը փոխանցեց նաև Վահե Մկրտչյանի խոսքերը. «Ես պաշտպանել եմ իմ և իմ ժողովրդի ազատությունն անպատժելիությունը պաշտպանողներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս