ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայի տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգ. Մարի Հարֆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մտադիր չեն ՀՀՊ համակարգ տեղակայել Ուկրաինայում: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը.
«ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պլաններ չունեն Ուկրաինայի տարածքում ՀՀՊ համակարգ տեղակայելու մասին: ՀՀՊ-ի համակարգի տարրերը տեղակայվում են միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում:
ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Համակարգի առաջադրանքը Մերձավոր Արևելքի երկրներից բխող սպառնալիքներին դիմակայելն է»:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայում կարող են ծավալվել ամերիկյան գլոբալ ՀՀՊ համակարգի եվրոպական տարրերը:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ քայլը կառաջացնի Ռուսաստանի կողմից պատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն: