«Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել». Հովիկ Աբրահամյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեջբերումներ արեց այս տարվա փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից, մասնավորապես՝ չմուծված միլիարդավոր հարկերի մասին օդում առկախված լուրերի վերաբերյալ: Նա նաև մեջբերեց Հովիկ Աբրահամյանի պատասխանը` վարչական լծակներն օգտագործելու, ստուգումներ կատարելու և չհասկացողներին բամփելու մասին: Ն.Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կան:

«Ես օրենսդրությունն ուսումնասիրել եմ, վարչապետի լիազորությունների մեջ «բամփել» չկա»,- նկատեց Ն.Փաշինյանն ու խնդրեց դա էլ պարզաբանել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Ս.Սարգսյանի հանձնարարությամբ եղել է վարչապետի հանձնարարական ֆինանսների նախարարին, որ ստուգում իրականացվի. «Վերջերս, մեկ շաբաթ առաջ այդ հարցի պատասխանն ակնակալելով ֆինանսների նախարարն ինձ խոստացել է մինչև մայիսի վերջ-հունիսի սկիզբ վերջնական տեղեկանք ներկայացնի արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունը եղել է կուսակցական խոսակցություն և դա վերաբերել է բոլոր գործարարներին, ովքեր հարկեր չեն վճարում: Իմ հորդորը շատ ճիշտ է եղել, 25-30 մլրդ ստվերից եկամուտներ են ապահովվել պետական բյուջե»:

Ն.Փաշինյանը պնդեց, որ խոսք է եղել կոնկրետ անձի մասին: Նա դժգոհեց նաև, որ վարչապետը չասաց, թե կառավարության առընթեր մարմիններն ինչ են ձեռնարկել. «3 ամիս է անցել, այդ լուրերը, ի վերջո, ճի՞շտ էին, սխա՞լ էին: Մարդիկ հավասար են օրենքի առաջ: Ի վերջո, Ձեր կուսակցական նիստում այդպիսի ահասարսուռ պատկերներ ներկայացրիք և այդ մասին տեղեկատվություն տալը մտնում է նաև Ձեր պարտականությունների մեջ»: Նա խնդրեց հաջորդ քառօրյային տեղեկացնել ստուգումների արդյունքների մասին:

Կարդացեք նաև

«Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել և բոլոր այն հարցերը, որ վերաբերել են Գագիկ Ծառուկյանի հետ կապված, առընթեր կառույցները և ֆինանսների նախարարությունը հանձնարարությունների ստուգումների արդյունքը կհրապարակի: Մենք պետք է լինենք թափանցիկ, անկեղծ և հանրությունը սպասում է այդ ստուգումների արդյունքներին: Մենք թաքցնելու որևէ բան չունենք»:

Գագիկ Ծառուկյանի շուրջ այս հարցուպատասխանը վրդովեցրեց ԲՀԿ-ական  պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, ով հարց տալու համար խոսափողին էր մոտեցել: Նախքան հարցը տալը, Էնֆիաջյանը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանի անձի, բարի համբավի հետ կապված որևէ հայտարարություն այս բարձր ամբիոնից չանել: Ըստ նրա՝ դրանով փորձում են քաղաքական դիվիդենտներ քաղել: Էնֆիաջյանը խորհուրդ տվեց Ծառուկայնի անվան վրա չփորձել կայանալ կամ ինքնակայանալ:

Տեսանյութեր

Լրահոս