Բաժիններ՝

Ո՞վ է լիազորել վարորդ Արման Գալստյանի հանդիպել Գագիկ Բեգլարյանի հետ

«Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի նախագահ Համլետ Մանուկյանն այսօր հայտարարեց, թե անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումը ոչ մի «նորմալ արդյունք չի տվել»:

«Մենք չենք իմանում՝ ընդեղ ինչ է խոսացվել կոնկրետ, ոչ էլ մեզ ինչ-որ մեկը տեղեկացրել է՝ ինչ են խոսել: Ուղղակի մենք, որ ոչ մի բան չենք տեսել, ոչ մի օգուտ, ոչ մի առաջընթաց չենք տեսել, մենք գտնում ենք, որ մեր պահանջները ընդհանրապես չեն համապատասխանում հանդիպման խոսակցությանը, պահանջներին»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա՝ նշելով, որ իրենց առաջ քաշած խնդիրները չեն լուծվել:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ մտահոգված են նրանից, որ ոչնչից տեղյակ չեն. «Ու հանձնարարվել է Արմանի հետ ծրագիր մշակել, բայց երբ Պետրոսի մոտ մենք լսում ենք (խոսքը «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում Արման Գալստյանի հարցազրույցի մասին է:- Օ. Հ.), Արմանն ասում է՝ 100 հազար հոգի պիտի վճարեն 12 հազար դրամ, բոլորին բերենք տարածքներ, պարկեր ստեղծենք և բոլորին բուժզննում, տեխզննում անցկացնեք, մոտ 30 հազար հոգի դուրս թափենք, սաղ թմրամոլ են: Մենք մտահոգված ենք, որ ինքը որոշ օլիգարխ թևից ներմուծված է, որպեսզի Հայաստանում պարկեր ստեղծվեն, բոլոր տաքսիները, անհատները լցվեն այդ տաքսու պարկերը, բուժզննում, տեխզննում անցնեն, վաղն էլ այդ օլիգարխը կասի՝ ցավդ տանեմ, ոչ քո առողջությունն է ինձ բավարարում, ոչ էլ քո «Astra G»-ն, ես հեսա 1000 հատ «Corolla» եմ բերում, 2000 հատ մեքենա եմ բերում»:

«Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի համանախագահ Արսեն Պետրոսյանն էլ ասաց, որ լրատվամիջոցներից են իմացել, որ նախարարը հանդիպել է Արման Գալստյանի հետ. «Լսում ենք նաև, որ նախարարը հանձնարական է տվել նախարարության աշխատողներին, որպեսզի վերանայեն օրենքը և համապատասխան առաջարկություններով հանդես գան նախարարի մոտ: Բայց այդ ընթացքում մարդկանց կանգնեցնում են, ակտավորումները նույն ձևով շարունակվում են»: Նա նշեց, որ քանի տարի է՝ իրենք պայքարի մեջ են և անկախ իրարից՝ քայլեր չեն անում. «Ես կոնկրետ նախարարությանն եմ ուղղում այս հարցադրումը, որ նա ուզում է սեպ խրի անհատ տաքսու վարորդների մեջ»: Նա ասաց, որ կողմ են, որ քննարկումները լինել բաց, թափանցիկ, հասանելի բոլոր անհատ տաքսու վարորդներին:

Վարորդները նշեցին, թե Արման Գալստյանը իրենց կողմից լիազորված չի եղել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս