«Պետք է հասկանալ, թե Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման որ փուլին ենք հասել». Լատվիայի կրթության և գիտության նախարար

«Բոլոնիայի գործընթացի ճիշտ գնահատումը չափազանց կարևոր է ծրագրով նախատեսված բարեփոխումների հաջորդ փուլին անցնելուց առաջ»,- այս մասին այսօր ասաց Լատվիայի կրթության և գիտության նախարար Մարիտ Սեյլը՝ Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում` խոսելով Բոլոնիայի գործընթացի շրջանակում իրականացված բարեփոխումների ճիշտ գնահատման անհրաժեշտության շուրջ:

Լատվիացի նախարարը նշեց, որ ժամանակն է հասկանալ, թե ի՞նչ ենք հաջողել իրականացնել Բոլոնիայի գործընթացի շրջանակում վերջին տարիների ընթացքում և գործընթացի սկզբունքների իրականացման ո՞ր փուլին ենք հասել:

«Առաջ շարժվելուց առաջ պետք է հասկանալ` որտե՞ղ ենք մենք այսօր: Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման մասին հաշվետվության ներկայացումից երեք տարի է անցել, այս ընթացքում գործընթացը վերահսկող աշխատանքային խումբը բավականին ինտենսիվ աշխատել է մի ակնարկի ուղղությամբ, որը հստակորեն բնորոշում է, գնահատում բարեփոխումների իրականացման փուլը, որը ծրագրի փուլային զարգացման հարցում նոր խթան կդառնա»,- ասաց Լատվիայի կրթության և գիտության նախարարը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգը, որակավորումների շրջանակը, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, դիպլոմի հավելվածը, որակի ապահովումը, փոխճանաչումը, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցումը:

Տեսանյութեր

Լրահոս