Հայաստանը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի կողմից՝ Վրաստանի դեմ ցանկացած քայլի. Ռուբեն Մեհրաբյան
«ԱՄՆ ներկայությունը Վրաստանում կարևոր է նաև Հայաստանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով Թբիլիսիի մերձակա Վազիանի զորավարժարանում և ռազմական օդանավակայանի տարածքում շարունակվող վրաց-ամերիկյան համատեղ «Noble partner» («Արժանի գործընկեր») զորավարժությունների ռազմաքաղաքական նշանակությանը ոչ միայն՝ տարածաշրջանի, այլև՝ Հայաստանի համար:
Նա առանձնացրեց զորավարժությունների երկու հարթություն` ռազմական և քաղաքական: Մեհրաբյանի դիտարկմամբ, Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս զորավարժություններն աննախադեպ որակելը պետք է հարաբերականորեն ընդունել, որովհետև Վրաստանի համար դրանք աննախադեպ են՝ վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության առումով, բայց, եթե հաշվի առնենք այն, թե ինչ ծավալի ուժեր և միջոցներ են ներգրավված այս զորավարժություններում, դրանք այդքան էլ լայնամասշտաբ չեն: Սակայն, վերլուծաբանի համոզմամբ, այլ է այս զորավարժությունների քաղաքական նշանակությունը` հաշվի առնելով զորավարժությունների անցկացման վայրն ու ժամանակահատվածը:
«Գաղտնիք չէ, որ Վրաստանում նախատեսվում է ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի կառուցումը, ինչին Ռուսաստանը կտրուկ դեմ է արտահայտվում: Հիշեք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անդրադարձն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում: Բացի դրանից, մենք գիտենք, որ Ռուսաստանն էապես մեծացնում է իր ռազմական ներուժը Վրաստանին սահմանակից տարածքներում, որտեղ Ռուսաստանն ազդեցություն ունի:
Բնականաբար, դա Վրաստանում այլ կերպ, քան սպառնալիք, ընկալվել չի կարող: Հասկանալի է նաև այն, որ Վրաստանը պետք է հակաքայլեր ձեռնարկեր, այդ թվում՝ իր ռազմական կարողությունները կատարելագործելու համար: Մենք, փաստորեն, տեսնում ենք Վրաստանի այդ ձգտման դրսևորումներից մեկը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Դիտարկմանը, թե ինչի՞ պետք է պատրաստ լինեն նաև Վրաստանն ու Հայաստանը, նա արձագանքեց՝ ասելով, որ Վրաստանն ամեն ինչի պետք է պատրաստ լինի: «Ի վերջո, 2008թ. պատերազմը ցույց տվեց, թե Վրաստանի գլխավոր սպառնալիքը որտեղից է գալիս: Հետևաբար՝ այդ սպառնալիքը չի վերացել մինչ օրս:
Դեռ ավելին, այդ սպառնալիքի աղբյուրը դարձել է էլ ավելի ագրեսիվ, էլ ավելի անթաքույց, ուստի Վրաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, որովհետև դժվար է կանխագուշակել, թե Ռուսաստանը՝ որպես մեկ մարդու որոշումների երկիր, ինչ որոշում կկայացնի վաղը: Հետևաբար՝ լավագույն հակաքայլը կլինի՝ ապահովել ազգային միասնականություն, խնդիրների համարժեք ընկալում հասարակությունում և քաղաքական դաշտում, նաև ռազմաքաղաքական պատրաստվածություն դեպքերի ցանկացած զարգացման: Վրաստանին այլ ելք չի մնում: Նաև՝ հաշվի առնել միջազգային փորձը՝ հեռավոր և ոչ այնքան հեռավոր»,- ասաց Մեհրաբյանը` հավելելով, որ Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի Ռուսաստանի կողմից՝ Վրաստանի նկատմամբ ցանկացած քայլի:
Ըստ նրա, Հայաստանն ինքն էլ իր քաղաքականությունը պետք է վարի, որպեսզի Հայաստանի անվտանգությունը չտուժի, չտուժեն հայ-վրացական հարաբերությունները, որոնք ունեն կենսական նշանակություն Հայաստանի համար: «Այս ամենը ոչ միայն Վրաստանի, այլև մեր մտահոգության առարկան է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Ավելի մանրամասն՝ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: