«ԵՄ-ն որոշակի առաջընթաց է փորձում գրանցել նույնիսկ Բելառուսի հետ, ավելին կանի Հայաստանի համար». Սերգեյ Գերասիմչուկ

«ԵՄ-ի գլխավոր ուղերձը Ռիգայում լինելու է այն, որ «Արևելյան գործընկերությունը» հաջողել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը` անդրադառնալով ԵՄ ԱլԳ ծրագրի Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին:

Նա նշեց, որ ԵՄ-ն գագաթնաժողովի ընթացքում ցանկանում է ցույց տալ, որ չնայած խնդիրներին՝ պրոյեկտը շարունակելու է հաջողակ ձևաչափ մնալ վեց երկրների համար: Նրա խոսքով` Լատվիան, որպես ԵՄ նախագահող երկիր, հին Եվրոպայի գործընկեր երկրները փորձում են պահպանել ԱլԳ-ն, ջանում են ապացուցել իրենց և շրջապատող աշխարհին, որ ԱլԳ բոլոր երկրները, ոչ միայն ասոցացվածները, պետք է ապագայում ևս շարունակեն ԵՄ-ի հետ համագործակցությունը նույն ձևաչափում:

«Մի կողմից՝ սա անհրաժեշտ է, որպեսզի արդարացված լինեն ներկայումս ներդրված ջանքերն ու միջոցները` ֆինանսական և քաղաքական, մյուս կողմից՝ այսպիսի մոտեցմամբ ԵՄ-ն ցույց է տալիս, որ չի փակում իր դռները նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի առջև` հնարավորությունների պատուհանը նրանց համար բաց թողնելով: Այն երկրները, որոնք հավանում են ծրագիրը (դրանք մասնավորապես կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրներն են), ենթադրում են, որ եթե ներկայումս վերաիմաստավորվի կամ վերաձևափոխվի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը և լինեն էական փոփոխություններ այս ձևաչափի կառուցվածքում, ապա հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ կկորի: Գոյություն ունի մեխանիզմային համագործակցություն և դիտարկվում է՝ դա ևս մեկ անգամ վերամշակելու հարցը: Ծրագրի հնարավորությունները կմեծանան, երբ ԵՄ նախագահությունն անցնի Սլովակիային, Էստոնիային, իսկ դա կլինի ոչ մոտ ապագայում: Այսպիսի մոտեցում է ընտրվել ԵՄ-ի կողմից»,- ասաց Գերասիմչուկը:

Անդրադառնալով Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի դիտարկումներին, թե Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի մաս կարող է կազմել նաև Հայաստանի հետ նոր համաձայնությունը, բնականաբար՝ հաշվի առնելով ՀՀ ԵՏՄ անդամակցությունը` ուկրաինացի վերլուծաբանն ասաց, որ դա հնարավոր է: «Ես հոռետես չէի լինի Հայաստան-ԵՄ հարաբերութունների ապագայի հարցում: Բելառուսի հետ ԵՄ-ն որոշակի առաջընթաց է փորձում գրանցել, այսինքն` կա հնարավորության պատուհան, չնայած Բելառուսի նախագահին համարում էին Եվրոպայի վերջին բռնապետը, Բելառուսը ՌԴ-ի հետ ընդհանուր սահման ունի, համագործակցում է սերտ ՌԴ-ի հետ: Համագործակցության հնարավորությունը շատ ավելի մեծ է Հայաստանի դեպքում` չնայած ՀՀ ԵՏՄ անդամակցությանը»,- նշեց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար Սերգեյ Գերասիմչուկը:

Ուկրաինացի վերլուծաբանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» երթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս