Սաուդյան Արաբիան կարող է ցամաքային ռազմական կամպանիա սկսել Եմենում
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_327645dda138034f74f131cfb06f1f30.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան կարող է ցամաքային կամպանիա սկսել Եմենում: Այս մասին հայտարարել է Եմենի շիա ապստամբների դեմ մարտնչող դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ահմեդ ալ-Ասիրին:
Նրա խոսքերով՝ դաշինքը դիտարկում է շիա ապստամբների կողմից Եմենի տարածքից Սաուդյան Արաբիային հասցվող հրետանային հարվածների դադարեցման բոլոր տարբերակները:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Էր-Ռիադում բանակցում է Եմենի շիա ապստամբների դիրքերի ռմբակոծությունները դադարեցնելու շուրջ: Ամերիկյան կողմի կարծիքով՝ դա անհրաժեշտ է հումանիտար օգնություն հասցնելու համար, որի կարիքն ունեն եմենցիները:
Քերին արդեն հանդիպել է Եմենից վտարված նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադիի հետ: Բացի այդ, Քերին բանակցելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ:
Մայիսի 5-ին շիա ապստամբներն ականանետերից մի շարք կրակոցներ էին արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, ինչից հետո թագավորական բանակը պատասխան կրակ էր բացել: