Մարգվելաշվիլին խուսափել է պատասխանել երկրորդ անգամ առաջադրվելու մասին հարցին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի պատասխանել այն հարցին, թե արդյոք երկրորդ անգամ առաջադրվելո՞ւ է Վրաստանի նախագահի պաշտոնում.
«Ոչ մի դեպքում ճիշտ չի լինի, եթե ես մեկնաբանեմ դա: Ես՝ որպես քաղաքական գործիչ, հետևում եմ օրենքներին, որոնցով մենք առաջնորդվում ենք այս քաղաքական իրողությունում, միջավայրում, ուր ԶԼՄ-ները խաղում են շատ կարևոր դեր»:
Մարգվելաշվիլին իր այսօրվա հրամանով խորհրդարանի արտահերթ նիստը նշանակել է ուրբաթ օրը, որի ժամանակ դիտարկվելու է երկրի նորացված կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին հաղթանակ է տարել 2013 թվականի հոկտեմբերի 27-ին անցկացված նախագահական ընտրություններում:
Նրա երդմնակալության արարողությունը Թբիլիսիում անցկացվել է 2013 թվականի նոյեմբերի 17-ին: Վրաստանում նախագահական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի աշնանը: