«Ղարաբաղում անհամեմատ ավելի միասնական են իրենց գաղափարների և նպատակների վերաբերյալ, քան Հայաստանում». Արամ Գ. Սարգսյան
«Ե՛վ Եվրոպան, և՛ մյուս բոլոր պետությունները, պարզ է՝ պետք է ասեն, որ չեն ընդունում ԼՂՀ-ի ընտրությունների արդյունքները կամ ընդհանրապես ընտրությունների փաստը, բայց ես Մինսկի խմբի համանախագահների գնահատականն ավելի իրատեսական եմ համարում, երբ նրանք ասում են, որ ԼՂՀ ժողովրդի իրավունքն է՝ իր ընտրությունները կազմակերպելու և իր իշխանությունները ձևավորելու»,- այսօր լրագրողների եհտ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂՀ ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Ըստ նրա՝ Մինսկի խմբի համանախագահների այդ գնահատականն արդեն ճանաչում է. «Որովհետև նրանք ասում են, որ այդ իշխանություններն օրինական են, որովհետև ընտրված են ժողովրդի կողմից: Սա շատ կարևոր փաստ է: Առաջին անգամ ես նման գնահատական տեսա Մինսկի խմբի համանախագահների կողմից»:
Ա. Սարգսյանն ընդհանրապես չի հիշում, որ Ղարաբաղում ընտրություններն անցել են այնպիսի «խախտումներով», ինչպիսին, ըստ նրա՝ Հայաստանում են եղել. «Սա խոսում է նրա մասին, որ այնտեղ անհամեմատ ավելի միասնական են իրենց գաղափարների և նպատակների վերաբերյալ, քան բուն հայրենիքում՝ Հայաստանում: Իսկապես արժեր տեսնել, թե ինչպես կարող են նրանք կազմակերպել մեր ընտրությունները Հայաստանում»:
Ըստ բանախոսի՝ ընդհանրապես Ղարաբաղի հիմնահարցի համար ընտրությունների լավ կազմակերպելը նույնպես շատ կարևոր է. «Որովհետև միջազգային տեսանկյունից՝ ստիպված են լինելու անընդհատ հաշվի նստել այս փաստի հետ, որ այնտեղ խախտումներ չեն լինում, որ այնտեղ ժողովրդավարական, օրինական ընտրություններ են, ուզեն թե չուզեն, ճանաչեն թե չճանաչեն: Եվ դա առանձնացնում է ԼՂ հիմնահարցը բոլոր այս տիպի հիմնահարցերից»:
Ա. Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը բոլոր հարցերում իրեն «տկար» է ներկայացնում: Նա կարծում է, որ ԼՂՀ-ում միշտ ձևավորվել են և ընթացել են նորմալ հարաբերություններ հենց ժողովրդի և իշխանությունների միջև. «Ադրբեջանն ապացուցեց, որ ինքը իրավունք չունի՝ հայերին կառավարելու առումով, որովհետև ոչ մի կերպ հաշվի չի նստում իրենց իրավունքների հետ, որևէ մի հարց չի առաջանում, որպեսզի նրանք հարաբերվեն և փորձեն իրար հետ քննարկել»:
Ա. Սարգսյանը շատ ուրախ է, որ նորից վերադարձանք «միացում» գաղափարին, քանի որ հիմա Բակո Սահակյանը խոսում է նրա մասին, որ իրենց հիմնական նպատակը Հայաստանի հետ միավորվելն է, «որովհետև այլ խնդիր, այլ լուծում ԼՂ-ի համար չկա»:
«Մինչև մենք դրանց չստիպենք դուրս գալ իրավական դաշտ միջազգային նորմերին համապատասխան, մենք այդ հարցի լուծումը չենք ունենալու: Մենք պետք է կարողանանք միջազգային հնարության հետ միասին այս հարցը ձևավորել և ներկայացնել միայն և միայն իրավական տեսանկյունից: Իրենք այդտեղ բոբիկ են ու գիտեն, որ ոչ մի լուրջ փաստարկ չունեն, դրա համար միշտ փախուստի են դիմում»,- հայտարարեց Ա. Գ. Սարգսյանը: