Գարիբաշվիլին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին և ներկայացրել է նոր կառավարության կազմը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին, ով վերադարձ է կատարել Պետանվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին:
Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Գարիբաշվիլին Ջանելիձեի իրավահաջորդ է անվանել եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թինա Խիդաշելուն: Դա առաջին դեպքն է, երբ ՊՆ-ը գլխավորելու համար առաջադրվում է կին թեկնածու:
Գարիբաշվիլին հավելել է, որ Պետանվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Դավիթ Սուջաշվիլին վերստին գլխավորելու է Վրաստանի Հետախուզական ծառայությունը: Ջանելիձեն Վրաստանի ՊՆ-ը գլխավորում էր 2014 թվականի նոյեմբերից:
Գարիբաշվիլին այսօր ներկայացրել է նախարարների նոր թեկնածուներին, ինչից հետո խորհրդարանը պետք է քվեարկության միջոցով վստահություն հայտնի կառավարության նորացված կազմին:
Դրանում սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար է ներկայացվել Iberia Business Group ավտոմոբիլային հոլդինգի նախագահ Տարիել Խիչիկաշվիլին, իսկ բնապահպանության նախարար` Գիգլա Ագուլաշվիլին:
Պաշտպանության նախարարի համար արդեն նշվել է: Անփոփոխ են մնում կառավարության մնացյալ անդամները: