«Համազգային նպատակ՝ չկա Հայաստանի բաժան-բաժան մասերի միացում առանց ազգահավաքի և հողահավաքի»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.

«Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, որպես ինքնիշխան պետություններ, որոնք վերականգնել են իրենց պետականությունը հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, պարտավոր են հայ ժողովրդին պատկանող բոլոր տարածքների վերադարձման պետական քաղաքականություն իրականացնել:

Հայ ժողովուրդը պետք է՝

  • դեռևս Թուրքիայի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական բռնազավթված տարածքների վերադարձի համար իրականացնի հետևողական պետական քաղաքականություն,
  • իր բնականոն զարգացումն ապահովելու համար հնարավորություն ունենա վերահաստատվելու իր պատմական հայրենիքում՝ հայկական պետականության ներքո, ինչը պետք է իրականացվի Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմանների վերաձևման միջոցով:

Եվ այժմ` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, հայ ժողովուրդը պետք է Հայաստանի Հանրապետության պետական լծակների օգտագործմամբ վճռականորեն և ամենուր ներկայացնի Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի բռնազավթված տարածքների ազատագրման և Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման հետևանքով պատճառված վնասների արդարացի փոխհատուցման խնդիրը:

1990թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր հայ քաղաքական կուսակցություններն ու օրվա իշխանությունները գրեթե ոչինչ չեն արել՝ ստեղծելու աշխարհի ավելի քան 100 երկրներում սփռված 10 միլիոնից ավելի հայությանը համախմբող ազգային անվտանգության գաղափարական և քաղաքական համալիր հայեցակարգ: Արդի հայկական քաղաքական միտքը՝ թե´ Սփյուռքում, թե´ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում, պահանջում է համահայկական քաղաքական գաղափարի հռչակում, որը կլուսավորի դեպի հայոց քաղաքակրթության ակունքները մեր ժողովրդի վերադարձի և Միացյալ հայկական պետականության վերականգնման տեսլականը:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս՝

  1. դատապարտում ենք հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը Թուրքիայի Հանրապետության կողմից,
  2. Ճանաչում ենք հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ հայրենատիրության անօտարելի իրավունքը և հետամուտ ենք պահանջատիրության (տարածքային, նյութական, բարոյական) իրավունքի իրացմանը,
  3. վերահաստատում ենք Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերականգնման իրավունքը:

Համազգային նպատակ՝ չկա Հայաստանի բաժան-բաժան մասերի միացում առանց ազգահավաքի և հողահավաքի:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս